fbpx
Արցախ

22:20 15/5/2019

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը հայտարարություն է տարածել հրադադարի համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը հայտարարություն է տարածել՝ Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ:

Ինչպես ԱՐՑԱԽՊՐԵՍ-ին հայտնել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ չորս տարի տևած և 30 000 կյանք խլած պատերզամից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող խաղաղությունը, չնայած իր փխրուն բնույթին, 1994 թ. մայիսի 12-ին Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրված հրադադարի մասին Համաձայնագրով ձեռք բերված հիմնական նվաճումն է:

Հայտարարության մեջ ընդգծվում է նաև, որ Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը ողջունում է հրադադարի ռեժիմի պահպանումը, որը Հարավային Կովկասում տևում է արդեն քառորդ դար, և կոչ է անում եռակողմ պայմանագիր ստորագրել՝ երկարատև խաղաղություն հաստատելու մասին:

«Խաղաղությունը միշտ ողջունելի է, և այդ իմաստով արձանագրում եմ, որ Արցախ պետությունը, որն արդեն քառորդ դարից ավելի գոյություն ունի, Արցախի ժողովրդի գոյության իրավունքի հիմնական երաշխավորն է՝ ընդդեմ Ադրբեջանի: Այս խաղաղությունը վերջնական չէ, քանի որ զինված դիմակայությունը շարունակվում է, այդուհանդերձ հարաբերական խաղաղություն է տիրում՝ շնորհիվ միակ եռակողմ համաձայնագրի, որի տակ ստորագրել է նաև Արցախը»,- հայտարարել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն:

Անդրադառնալով Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածությանը, նա նշեց, որ յուրաքանչյուր կողմից ամեն մի մահ ողբերգություն է թե՛ ընտանիքների, թե՛ հասարակության համար, և այդ լարվածությունը խանգարում է տարածաշրջանին առաջ շարժվել:

«Հրադադարի մասին համաձայնագրի դրական օրինակն ապացուցում է, որ շոշափելի արդյունքների հասնելու համար բանակցային գործընթացին պետք է ընդգրկվեն հակամարտության բոլոր կողմերը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Ֆրանսիան պետք է խրախուսի Արցախի Հանրապետության վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ՝ հաջողության հասնելու հնարավորությունները բարձրացնելու համար», – ընդգծել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահը:

Վերեվ