Ֆրանսիայում այրել են Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերրանի տունը, հայտնում է Deutsche Welle-ն:
Հաղորդվում է, որ քաղաքական գործչի հարևանը փետրվարի 8-ին ահազանգել է հրշեջ ծառայություն: Դեպքի վայր ժամանած փրկարարները հրդեհի վայրում հայտնաբերել են մեքենայի անվադողեր և բենզինով թրջված ջահ:
Նշվում է, որ դեպքի ժամանակ քաղաքական գործիչը տանը չի եղել:
«Ամո´թ նրանց, ովքեր իրենց նման արարքներ են թույլ տալիս»,- «Թվիթերում» գրել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը:
Ներկայում իրավապահ մարմինների ներկայացուցիչները հետաքննություն են իրականացնում և փորձում են պարզել դեպքի հանգամանքները: