Ֆրանսիայի մայրաքաղաք տանող ճանապարհներին ավտոմոբիլային խցանումներն ավելի քան 400 կիլոմետրի են հասնում տրանսպորտի աշխատողների համազգային գործադուլի ութերորդ օրը: Այս մասին տեղեկացնում է France Info ռադիոկայանը:
Նրա տվյալներով՝ ութերորդ օրն անընդմեջ Փարիզի մետրոյի 16 ուղեգծերից չեն գործում տասը, ևս չորսը ուղևորներին ընդունում են միայն պիկ ժամերին: Մշտապես աշխատում են միայն մետրոյի լիովին ավտոմատացված երկու ուղեգծեր:
Դեկտեմբերի 12-ին գործադուլավորներն ամբողջությամբ արգելափակել են մայրաքաղաքի ավտոբուսների վեց հավաքակայան և մասնակիորեն՝ ևս տասը: Փարիզում առավոտյան երթուղիներ են դուրս եկել տրամվայների ու ավտոբուսների կեսից պակասը: TGV ճեպընթացների միայն քառորդ մասն է երկաթուղային հաղորդակցություն ապահովում Ֆրանսիայի խոշոր քաղաքների միջև:

