Հնագետները Ֆրանսիայի Դիժոն քաղաքում արծաթե և ոսկե մետաղադրամներով գանձարան են հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Պարբերականը նշում է, որ գտածոն բաղկացած է 34 մետաղադրամներից, որոնցից 10-ը պատրաստված են ոսկուց: Դրանք պահված էին փոքրիկ բրոնզե տուփի մեջ տներից մեկի հատակի տակ: Ամենահին մետաղադրամը թվագրված է 1432-ին, իսկ ամենանորը՝ 1494-ին:
Մետաղադրամների վրա հատված են այդ ժամանակաշրջանում Եվրոպայի ղեկավարների պատկերները՝ Հռոմի Պապ Նիկողայոս V-ի, Միլանի հերցոգ Գալեացո Մարիա Սֆորցայի, Լյուդովիկոս XI-ի, Հռոմի Պապ Ինոկենտի VIII-ի և այլոց:
Փորձագետները նշում են, որ բոլոր մետաղադրամները շատ հազվագյուտ են: Ըստ փորձագետների՝ դրամների տերն, ըստ ամենայնի, ծագումով արիստոկրատ ընտանիքից էր: