fbpx
Հասարակություն

Գաղտնալսման պատվիրատուների մոտավոր շրջանակները կան, սակայն չկան փաստական ապացույցներ. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վերահաստատում է, որ իր և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու շրջանակները Հայաստանից են: Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը, սակայն, հրաժարվեց անուններ տալ: «Այս պահին ես չեմ կարող հստակ անուններ տալ, շրջանակը բացահայտել: Առանց ասելու էլ բոլորին էլ պարզ է, թե շրջանակը որտեղից է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը վերահաստատեց, որ շրջանակները Հայաստանից են, սակայն հրաժարվեց պատասխանել հարցին՝ խոսքը նախկին իշխանության մասի՞ն է: «Շատ չգնանք առաջ, եկեք ես ուղղակի մի բան ասեմ, որպեսզի այս թեման սպառվի: Ազգային անվտանգության ծառայությունը իրականացնում է օպերատիվ աշխատանք: Օպերատիվ աշխատանք իրականացնելու ժամանակ ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցում են տարբեր անձինք, որոնց աշխատանքը չի երևում, բայց հավատացեք՝ նրանց աշխատանքն անգնահատելի է: Այդ մարդկանցից օպերատիվ եղանակով ստացվում է տեղեկատվություն: Տեղեկատվությունը ստացվում է, բայց, ցավոք սրտի, չի լինում փաստագրել այդ տեղեկատվությունը, այսինքն՝ ունենալ հստակ տվյալներ, որոնք կարող ես տրամադրել քննչական մարմնին»,-ասաց նա:

ՀՀ ԱԱԾ տնօրենը հավելեց՝ մարդիկ, ովքեր արել են այդ գործը, ի սկզբանե իմացել են, որ ԱԱԾ-ն և ողջ իրավական համակարգը ջանք և եռանդ չի խնայելու այդ գործը բացահայտելու համար: «Իրենք շատ լավ են պատրաստված եղել և, ցավոք, հետքեր չեն թողել, որով կարողանանք մեղադրանքներ առաջադրել»,-ընդգծեց Վանեցյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ մի օր գտնեն այդ մարդկանց և պատժեն, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Գիտեք, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, ժամանակը ցույց կտա: Այս պահին չգիտեմ կկարողանա՞նք փաստագրել և քրեական պատասխանատվության ենթարկել այդ մարդկանց, ուղղակի մի բան ասեմ. անկեղծ՝ ուղղակի, երևի, ոչ մեկիս մտքով չի անցել, որ կարող են նման քայլի դիմել և գաղտնալսել երկրի ազգային անվտանգության ծառայության տնօրենին և հատուկ քննչական ծառայության պետին, իսկ այդ խոսակցությունները կդարձնեն հրապարակային»,-ասաց նա:

Արթուր Վանեցյանը մանրամասնեց, որ իր և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը համացանցում տեղադրված է եղել սեպտեմբերի 6-ից, սակայն հանրության լայն շերտերի համար հասանելի է դարձել սեպտեմբերի 11-ին: «Դրա պատճառն այն է, որ տեղեկատվությունը տարածելու և հետքեր չթողնելու համար նրանք պետք է գործեին շատ զգույշ, որովհետև, եթե մենք կարողանայինք ֆիքսել սկզբնաղբյուրը, հասկանալի է, որ կկարողանայինք կծիկը քանդել»:

ՀՀ ԱԱԾ տնօրենը ևս մեկ անգամ վերահաստատեց՝ կան մոտավոր շրջանակները, թե ովքեր են գաղտնալսման պատվիրատուները, սակայն չկան փաստական ապացույցներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ