Երեկ «Սասնա ծռեր» կուսակցության անդամներ Գարեգին Չուգասզյանը և Ժիրայր Սեֆիլյանը հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Սասնա ծռեր» կուսակցությունը ներկայացրել է Գարեգին Չուգասզյանի հետ հարցազրույց, որտեղ նա պատմել է այն մասին, թե ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպման ժամանակ:
Գարեգին Չուգասզյանը մանրամասնել է. «Նախ ամենահիմնական վտանգը, որը մենք տեսնում ենք՝ ռևանշի ուժերը, որոնք, իհարկե, դեռ առանձին վտակներ են, փորձում են կոնսոլիդացվել արդեն նոր դրոշի տակ՝ իրենց առաջ դնելով նոր գաղափարախոսական խնդիր: Սա մտահոգում է մեզ: Նրանք կարող են հեղափոխական արդյունքների արագությունից չբավարարված միամիտ մարդկանց դժգոհությունն օգտագործել և տանել դեպի հակահեղափոխական ռևանշի: Մենք փորձեցինք պարզաբանել մեր մոտեցումը, որ մենք տեսնում ենք այն ուժերին, որոնք նոր հանդերձներով են փորձում ներկայանալ»:
Չուգասզյանի խոսքով՝ իրենք պարբերաբար քննադատություններ են հնչեցրել իշխանությունների հանդեպ, իսկ այժմ այլ իրավիճակ է, որը ենթադրում է համագործակցություն. «Այն հարցերում, որտեղ պետք է ինքնիշխանությունը պաշտպանել, մենք թև ու թիկունք կլինեք նոր իշխանությանը: Ռևանշի բոլոր փորձերի դեպքում մենք նորից կլինեք նոր իշխանության կողքին, բայց այն հարցերում, որտեղ կլինեն տարբերություններ մենք համարձակորեն կքննադատենք»:
