Այդ գործը չի փակվել, քննություն է եղել, նախաքննություն է եղել, նյութերը մերժվել են՝ հանցադեպի բացակայության պատճառով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով իր վարսավիրին ծեծելու դեպքին:
«Առաջին րոպեներին, երբ ես տեղեկացել եմ այդ հրապարակման մասին, Facebook-ի իմ էջով հերքում եմ տարածել: Իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել եմ այս դեպքի վրա, որ լինի անաչառ քննություն: Այսօր արդեն մենք դատարան հայց ենք ներկայացրել լրատվամիջոցի նկատմամբ, որտեղից տարածվել է այդ ապատեղեկատվությունը: Մենք զրպարտության համար իրենցից փոխհատուցում ենք պահանջելու, ինչպես նաև լինելու է հերքման պահանջ: Մենք հերքման պահանջ ներկայացրել էինք այդ լրատվական կայքին, բայց նրանք չէին տեղադրել հերքումը»,ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ դատարանում նրանցից պահանջելու են թե՛ հերքում, թե՛ զրպարտության համար փոխհատուցում՝ նվազագույն աշխատավարձի 2 հազարապատիկի աչփով:
Դիտարկմանը, որ վարսավիրի հայրը հաստատել էր, որ միջադեպ եղել է մարզպետին արտահերթ չսպասարկելու համար, Գարիկ Սարգսյանը արձագանքեց, որ ինքը չի կարող մեկնաբանել որևէ մի անձի խոսք:
«Ես նայել եմ այդ տեսանյութը, էնտեղ հստակ որևէ բան չի ասվում: Ամեն դեպքում, հանցադեպի բացակայության հիմքով նյութերը մերժվել են»,-հավելեց նա։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ նոյեմբերին ծեծկռտուքի է տեղի ունեցել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ՝ իր հայրենի Նոր կյանք համայնքում։ Ըստ լուրի՝ Արարատի մարզպետի վարորդը մի քանի քայլ երիտասարդների հետ գնացել ու պարզաբանում է պահանջել վարսավիրից, որը չի կարողացել մարզպետին արտահերթ սպասարկել: Ինքը մարզպետը հերքել է, թե նման միջադեպ է տեղի ունեցել: