fbpx
Մարզեր

Գեղարքունիքի մարզպետն այցելել է Երանոս, Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներ

Օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Երանոս, Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներ: Երանոս համայնքի ղեկավարի ներկայացմամբ Երանոսում օգոստոսի առաջին օրերից մեկնարկել է միանգամից սուբվենցիոն երեք ծրագիր: Առաջին ծրագրով ասֆալտապատվում է 5-րդ փողոցի առաջին նրբանցքի և 11-րդ փողոցի մի հատվածը՝ շուրջ 650 մետր ընդհանուր երկարությամբ և 3000 մետր քառակուսի մակերեսով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 24 300 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Երանոսի համայնքապետարանը: Ծրագիրը կավարտվի առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսվում է գյուղի մանկապարտեզի հիմնանորոգում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26 միլիոն 72 հազար դրամ, որի 65 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Երանոսի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են օգոստոսի երկուսից և կավարտվեն մինչև հոկտեմբեր ամիսը:Երանոսում սուբվենցիոն երրորդ ծրագրով նախատեսվում է գիշերային լուսավորվածության ցանցի կառուցում 1 կիլոմետր 700 մետր երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 16 միլիոն 280 հազար դրամ, որի 65 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Երանոսի համայնքապետարանը: Լուսավորվելու է երեք փողոց, որոնք ճյուղավորվում են կենտրոնական փողոցից:

Գնել Սանոսյանը դիտարկեց նաև Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի Մարտունի-Ծակքար հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքը՝ ճանապարհաշինարարներին տալով որակի ապահովման հետ կապված մի շարք ցուցումներ:

Վարդենիս համայնքում մարզպետն այցելեց թիվ 2 և 3 հիմնական դպրոցներ՝ դիտարկելու կենտրոնացված ջեռուցման համակարգերի կառուցման աշխատանքները, որոնք ընթանում են օգոստոսի առաջին օրերից, դպրոցների տնտեսված միջոցների հաշվին և «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության համաֆինանսավորմամբ: Ինչպես հավաստիացրեցին շինարարները՝ մինչև ջեռուցման սեզոնի սկիզբը վերոնշյալ ուսումնական հաստատությունների ջեռուցման համակարգերը պատրաստ կլինեն շահագործման: Մարզպետը մի շարք ցուցումներ տվեց շինարարներին և դպրոցների տնօրեններին՝ նկատված շինարարական թերությունները վերացնելու և կարգավորելու ուղղությամբ:
Մեծ Մասրիկ համայնքում Գնել Սանոսյանը ծանթացավ հացահատիկի բերքահավաքի աշխատանքներին, ապա այցելեց համայնքի մեքենատրակտորային պարկ, որն այս պահին ունի 11 միավոր տեխնիկա: Դրանց մի մասը ձեռք է բերվել այս տարվա ընթացքում, լիզինգով, իսկ մի մասը պատկանում է համայնքի գյուղատնտեսական կոոպերատիվին: «Լիզինգով ձեռք ենք բերել 1 հացահատիկահավաք կոմբայն, երկու տրակտոր, 2 շարքացան, 2 կուլտիվատոր և 2 գութան: Տեղական բյուջեից որպես կանխավճար հատկացրել ենք 16 միլիոն դրամ: Իսկ լիզինգով ձեռք բերված տեխնիկաների ընդհանուր արժեքը կազմել է 84 միլիոն դրամ»,-ներկայացրեց Մեծ Մասրիկ համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանը:

Գնել Սանոսյանը Մեծ Մասրիկի բնակիչներին հավաստիացրեց, որ շուտով իրենց համայնքում իրականացվելու է սուբվենցիոն երկու ծրագիր՝ 1800 մետր երկարության ճանապարհի ասֆալտապատում և մշակույթի տան նոր շենքի կառուցում:

«Շինարարական աշխատանքները մարզում գնալով նոր թափ են հավաքում: Սուբվենցիոն 103 ծրագրերից այս պահին ավարտական փուլում են 27-ը, ընթացքի մեջ՝ 46-ը: Մնացած 30 ծրագրերը ևս կմեկնարկեն առաջիկայում: Բոլոր ուղղություններում ընթացքող աշխատանքները գտնվում են մեր ամենօրյա հսկողության ներքո: Շատ կարևոր ձեռնարկ է իրականացվում Վարդենիս քաղաքի թիվ 2, 3 և 4 հիմնական դպրոցներում, որոնցում կառուցվում են կենտրոնացված ջեռուցման համակարգեր: Տասնամյակներ շարունակ այս հաստատությունները ջեռուցվել են փայտով կամ նավթով:Այս ջեռուցման սեզոնը վերոնշյալ հաստատությունները կդիմավորեն միանգամայն բարվոք, տաք ու մաքուր պայմաններում: Մեր այցերի ընթացքում ոչ միայն կարգավորում ենք ի հայտ եկած խնդիրները, այլ նաև զգուշացնում ենք շինարարներին՝ ապահովելու շինարարության որակը: Այսօր Մեծ Մասրիկում դիտարկեցինք նաև հացահատիկի ու անասնակերի բերքահավաքի աշխատանքները: Թեև բերքահավաքն ընթանում է սակավ արդյունքներով, սակայն ուրախալի է, որ Մեծ Մասրիկ համայնքը ստեղծել ու թարմացրել է գյուղատնտեսական մեքենաների պարկը՝ ձեռք բերելով նորագույն տեխնիկական միջոցներ»,-այցի ավարտին իր տպավորությունները ներկայացրեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ