Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին:
Վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Գերմանիան քաղաքական ու տնտեսական կարևոր գործընկեր է մեր երկրի համար և վերջին 1,5 տարում արձանագրվել է երկկողմ համագործակցության լավ դինամիկա: Վարչապետը կարևորել է Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, այդ թվում՝ ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ ոլորտներում բարեփոխումներին աջակցությունը: «Մեր նպատակը մեկն է՝ Հայաստանը համապատասխանեցնել ժողովրդավարության և հակակոռուպցիոն ամենաբարձր չափանիշներին»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: Նիկոլ Փաշինյանն առանձնակի նշել է նաև Գերմանիայի հետ տնտեսական ամուր կապերի առկայությունը, KFW բանկի և GIZ-ի հետ սերտ համագործակցությունը տնտեսական և սոցիալական տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման գործում: Վարչապետը երկկողմ տնտեսական համագործակցության ամբողջ ներուժն իրացնելու գործում շեշտել է նաև հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:
Դեսպան Բանցհաֆը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել է, որ հայ-գերմանական հարաբերություններն էլ ավելի են զարգացել Հայաստանում տեղի ունեցող ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո, երբ երկիրը սկսեց ժողովրդավարական ինստիտուների զարգացման և ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերը: «Ձեր երկիրը մեծ քայլեր է իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարում և Գերմանիայի կառավարությունը շարունակելու է աջակցությունը Հայաստանին՝ բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու նպատակով»,- ընդգծել է Միխայիլ Բանցհաֆը: Դեսպանը նկատել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն աճել է գերմանացի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ինչը նաև պայմանմավորված է երկրում տեղի ունեցող փոփոխություններով:
Վարչապետը և դեսպանը քննարկել են էներգետիկայի, շինարարության, արդյունաբերության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների զարգացման և այլ ուղղություններով հայ-գերմանական համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների և Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում փոխգործակցության շուրջ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։