fbpx
Ժամանց

Այո, ես խնձորի փտած մասն էլ եմ ցույց տալիս. Էլեն Քանդարյան

-Ձեզ ուսումնասիրելուց առաջինը նկատեցի՝ չունեք շատ հարցազրույցներ, չե՞ք սիրում խոսել ձեր մասին։

-Իրականում ունեմ մի քանի հարցազրույցներ, որտեղ խոսել եմ իմ մասին, իմ նախասիրությունների, ֆոբիաների և այլնի մասին, բայց շատ չեմ սիրում հարցազրույցներ տալ, քանի որ մի տեսակ կեղծ է ստացվում ամեն ինչ։ Մարդիկ հարցազրույցներում իրենց լրիվ այլ տեսակ են ներկայացնում, իսկ իրականում լրիվ այլ մարդ են, կան ինչ-որ սահմաններ, որոնք ինձ դուր չեն գալիս։ Ես համագործակցում էի մի հեռուստաընկերության հետ և պետք է ստեղծեինք ռեալիթի շոու, բայց ես հրաժարվեցի, քանի որ կային ինչ-որ սահմանափակումներ, գծված սահմաններ, որտեղից չպետք է դուրս գալ, իսկ ես սիրում եմ ամեն ինչ պարզ և անկեղծ, չեմ սիրում սահմանափակված երևույթներ, և ինչպես ես ներկայանում եմ սոցիալական հարթակներում անկեղծ ու պարզ, այդպես էլ իրականում եմ, չեմ սիրում, որ ինձ վերցնեն փակագծերի մեջ։

-Դուք զբաղվում եք միառժամանակ բլոգերությամբ, դիմահարդարմամբ, ճամփորդությամբ, բայց ո՞րն է այն մասնագիտությունը, որը ձերն եք համարում։

– Մասնագիտությունս շատ դժվար եմ ընտրել, ես բոլոր մասնագիտությունները իրականում շատ սիրում եմ, չնայած հստակ ոլորտներ կան, որ չեմ սիրում, օրինակ՝ բանկային մասնագիտությունը չեմ սիրում, այստեղ էլ եկանք նրան, որ սահմանափակված մասնագիտություններ չեմ սիրում։ Մասնագիտությամբ սերվիսագետ եմ, ավարտել եմ Երևանի պետական համալսարանի սերվիսի և տուրիզմի բաժինը, այնուհետև շարունակել եմ ուսումս Վենետիկի Կաֆոսկարի համալսարանում։ Այնտեղ կրթությունը շատ բազմազան էր, չեմ կարող նշել մեկ մասնագիտություն։ Գլխավոր ակադեմիական կրթությունը երևի թե կնշեմ սերվիսագետ։ Բայց նաև տուրիզմի ոլորտն եմ սիրում, այն նաև համատեղում եմ աշխատանքի հետ։ Խմբեր եմ հավաքում և ճամփորդում ենք միասին, ես նրանց տուր գիդը չեմ լինում, բայց ստեղծում եմ հետաքրքիր միջավայր, կազմակերպում եմ հետաքրքիր խաղեր և այլն։ Մարդիկ ուղղակի հետաքրքրված են և ուզում են ինձ հետ ճամփորդել։

-Ինչպե՞ս առաջացավ ճամփորդությունը աշխատանք դարձնելու մտահաղացումը։

– Երբ սովորում էի Վենետիկում և Իտալիայի կյանքն էի ցույց տալիս մարդկանց, սկսեցին հետաքրքրվել։ Ազատ օրերին ինքս ճամփորդում էի եվրոպական երկրներում և ցույց էի տալիս այնտեղի կյանքը, օրինակ՝ Ավստրիայի։ Մարդիկ հետաքրքրվում են ճամփորդություններով, նույնիսկ 16-17 տարեկան աղջիկները սկսեցին գրել, թե ինչպես կարող են ինձ հետ ճամփորդել և այդպես սկսվեց ամեն ինչ։

-Բլոգերությամբ սկսեցիք զբաղվել, երբ արդեն Իտալիայում էիք: Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ։

– Դա երևի ամենածիծաղելի պատմությունն է։ Մենակ ապրելը ինձ համար շատ խորթ էր։ Եվրոպայում միայնակ աղջիկ, և մենակությունից ես ուզում էի հայի ձայն լսել, պարզապես տեսախցիկը միացնում էի, որ ինքս ինձ լսեմ՝ չմոռանալու համար ոչ մեր լեզուն, ոչ մշակույթը։ Նպատակ չեմ ունեցել և չեմ էլ երազել բլոգերություն սկսել, չեմ էլ մտածել, որ հիմք եմ դնում բլոգինգի։ Մի օր պատահական հրապարակեցի հոլովակը, և բոլորը սկսեցին ասել, որ էլի նմանատիպ վիդեոներ տեղադրեմ։ Այդ ժամանակ լսարանս շատ քիչ էր ու դրանից շատ նեղսրտում էի, բայց հենց սկսեցին միանգամից նայել, սկսեցի արդեն մոտիվացվել և այդպես շարունակվեց։ Կարելի է ասել՝ մենակությունից սկսեցի զբաղվել, հեռախոսը դարձավ իմ ընկերը։ Հետո ուժերս նաև փորձեցի հեռուստաընկերությունում, սակայն ինձ ավելի ազատ եմ զգում իմ բլոգում։

– Որքա՞ն ժամանակ է, որ զբաղվում եք այս ամենով և ինչպե՞ս եք համատեղում առօրյայի հետ։

– Որպես նախասիրություն մոտ 3 տարի, իսկ պրոֆեսիոնալ 2 տարի։ Օրեր կան, որ շատ դժվարությամբ եմ համատեղում, ամենօրյա գործերի պատճառով շատ ժամանակ չի լինում հատկացնել, սակայն անընդհատ նամակներ եմ ստանում՝ «Էլեն ջան, սպասում ենք քեզ», հասկանում եմ , որ մարդիկ կան սպասում են ինձ։ Նաև շատ լուրջ գործնական հանդիպումների ժամանակ փորձում եմ մի քանի կտոր նկարել, սա արդեն գործ չի, այն դարձել է իմ ապրելակերպը։ Շատ սիրով եմ անում ամեն բան, կարծես թե իմ ընտանիքը լինեն, իրենց համարում եմ իմ ինստաընտանիքը։ Իրենց չեմ վերաբերվում որպես հետևորդներ, ամեն բան սիրով եմ անում, ու հենց իրենք են իմ մոտիվացիայի գլխավոր աղբյուրը։

-Եղե՞լ են պահեր, երբ չեք ցանկացել նկարել և հրապարակումներ անել։ Օրինակ՝ եղել եք տխուր հոգեվիճակում կամ մտածել եք, որ այդ պահը միայն ձերը պետք է լինի։

– Այո, եղել են։ Եղել են դեպքեր, երբ իրավիճակի 3%-ը ներկայացնեմ, քանի որ մտածում եմ իմ էջը դրական տրամադրություն է տալիս, մտածել եմ՝ չեմ կարող մարդկանց տալ իմ օրվա նեգատիվը, եղել են դեպքեր, երբ հայտնվել եմ սարսափելի հյուրանոցում և հետևորդներիս ասել եմ, որ վատ եմ զգում և չեմ կարող նկարել, այսինքն՝ որոշակի չափով զբաղվել եմ ինքնախաբեությամբ, որովհետև մտածել եմ, թե ոնց կնկալեն մարդիկ, այսինքն՝ կան բարդույթներ այդ հարցում, որոնք թողնում եմ այն կողմում։

-Իսկ չե՞ք կարծում, որ նույնիսկ տխուր պահերով էլ կարող եք կիսվել ձեր հետևորդների հետ։

– Տխուր պահերի մասին շատ եմ կիսվում, բայց կա սահման, որ դրանից այն կողմ ցույց չեմ տալիս, բայց այդպես շատ քիչ է լինում։ Դեպքեր են լինում, որ գործակալության հետ ունենամ կոնֆլիկտային իրավիճակ, բայց դա ինձնից չէ, և չեմ կարող իրավիճակը ներկայացնել, որպեսզի չվնասեմ մյուս կողմին։ Նաև եղել են դեպքեր, երբ կուրսերի եմ մասնակցել, բայդ դրանք շատ վատն են եղել, սակայն իրականությունը լրիվ չեմ ներկայացրել, քանի որ հակառակ կողմին էլ վնաս կլինի, որը ես չեմ ուզում։

Ձեզ բնորոշում են որպես պարզ, անկեղծ բլոգեր, չե՞ք վախենում շատ անկեղծ լինելուց։

–  Երբեմն լինում են վախեր, պահեր կան մտածում եմ, որ այսքան անկեղծ լինելուց հետաքրքրությունը կկորի իմ անձի նկատմամբ, հետո հասկանում եմ, որ դա է իմ այցեքարտը, ես դրանով եմ տարբերվում մնացածից որոշակի չափով։ Անընդհատ ինձ դա են ասում, որ սիրում են հենց իմ անկեղծության համար, կեղծ ու սուտ չկան ինձ մոտ։

-Չկա՞ն վախեր, որ ձեր անկեղծությունը երբեմն կարող է ձեզ վնասել, ձեր մրցակիցները հնարավոր է օգտագործեն ձեր իսկ դեմ։

-Չեմ մտածել դրա մասին, ամեն մեկն ունի իր այցեքարտը և դրանով է ներկայանում։ Վերջերս նկատում եմ, որ այն ոճով, որով ես եմ ներկայանում, փորձում են կրկնօրինակել, զգում եմ նմանակում կա։ Ես միայն ուրախ եմ, թող բոլորը լինեն անկեղծ։ Շատ ժամանակ մտնում եմ բլոգերների էջ և խեղդվում եմ այդ ձևականությունից, միայն ուրախ կլինեմ, որ եթե անկեղծությունը վարակիչ է, թող բոլորը վարակվեն։ Ինձ անընդհատ գրում են, որ ցանկանում են բլոգեր դառնալ և խորհուրդ են ուզում, առաջինը՝ խորհուրդ եմ տալիս լինել անկեղծ։

-Դուք ունեք ավելի քան 13 հազար հետևորդ, արդյո՞ք դուք այդ հետևորդների համար պատասխանատու եք , երբ հրապարակումներ եք անում, մտածու՞մ եք ինչն արժե տեղադրել, ինչը՝ ոչ։

– Շատ։ 13 հազարը ուղղակի հետևում է ինձ, բայց մոտավորապես ամսվա մեջ մինչև 1 միլիոն օգտատեր մուտք է գործում էջ։ Պատասխանատվություն, իհարկե, կա, ես հասկանում եմ, որ մարդիկ են, որոնք սպասում են ինձ, հետևում են, ցանկանում են տեսնել իմ մասին նյութեր, նկարներ։ Նաև նամակներ են գրում ինձ, և ես մեծ հաճույքով պատասխանում եմ, նույնիսկ կեղծ էջերից գրում են ,և երբ պատասխանում եմ, զարմանում են՝ ասելով, թե ինչպես եմ պատասխանում։ Աշխատում եմ նաև նամակների մինչև 24 ժամը չլրանա պատասխանած լինեմ, մտածում եմ էկրանի հետևում մարդ է սպասում։ Իմ գլխավոր միտքը, որը ես ունեմ, դա չկտրելու, չմոնտաժելու մեջ է, ես առանց ֆիլտրերի կարող եմ նկարվել և դրանք հրապարակել։ Շատ ժամանակ զարմանում են՝ այո, ես խնձորի փտած մասն էլ եմ ցույց տալիս։ Նույնիսկ իմ հեռախոսի պատմությունը, որը ես ցույց տվեցի, բոլորը զարմացել էին, որ ես բարձրաձայնեցի ապառիկի մասին և անընդհատ ասում եմ, թե ինչքան գումար մնաց վճարելու։

-Համացանցը այսօր հասանելի է բոլորին և դեռահաս երեխաները՝ մասնավորապես 12-16 տարեկանները, ընդօրինակում են բլոգերներին, փորձում են նմանվել իրենց, և, ցավոք սրտի, Հայաստանում այսօր ավելի շատ վատ բովանդակություն ունեցողներին են հետևում ու հենց նրանցից են օրինակ վերցնում. ինչպե՞ս անենք, որ վատ բովանդակություն ստեղծողները չկարողանան զբաղվել բլոգերությամբ։

 Իհարկե, ես չեմ համակրում նման մարդկանց, նրանց ոճը, տեխնիկան,  բայց մտածում եմ, եթե դա է նրանց ոճը, ես չեմ կարող դատել կամ քննադատել։ Եթե նրանք կան, ուրեմն ունեն պահանջարկ։ Նրանց էլ հետևում են նրանց նմանները։ Չեմ կարող պատասխան տալ։ 

-Միգուցե պետությունի՞ց է պետք վերահսկողություն, որպեսզի հայկական սոցհարթակները չվերածվեն ցենզուրայից դուրս հարթակների։

-Երևի թե պետք է լինեն սահմանված կանոններ, որ բոլորը հետևեն դրանց։ Կամ էլ թողնել ազատ և մարդիկ կհասկանան` որն է իրենց պետք։ Այսինքն՝ դանակը կա, թե մենք դրանով մարդ կսպանենք, թե միրգ կկտրենք, դա արդեն մեզնից է գալիս։

-Ի՞նչ կասեք հայկական TikTok-ի մասին։

– Հայաստանում այդ հարթակը շատ խեղաթյուրված է, շատ ազատ է։ Հայաստանում այն վուլգար է ընկալվել, բայց իրականում այնտեղ կա լավ և ուսուցողական կոնտենտ, բայց այդ ամենը վատը խեղդում է։ Երբեմն նույնիսկ գովազդատուները խուսափում են գովազդ դնել TikTok- ում։

-Ինստագրամում բոլորը տեսնում են բլոգերների ճանաչելիությունը, դիտումների քանակը, դրանք լավ կողմերն են, բայց ինչը ունի լավ կողմ, ունի նաև վատ կողմ, ձեզ համար ո՞րն է վատ կողմերը։

– Օրինակ՝ դիտումների քանակը։ Մեկ տարի առաջ, երբ գնում էի միջոցառումների, որտեղ հրավիրված էին նաև այլ բլոգերներ և ունեին ավելի շատ հետևորդներ ու դիտումներ, ինձ չէին բարևում , աննկատ էի թվում, իսկ հիմա երբ արդեն 1 միլիոն դիտում ունեմ, այդ նույն մարդիկ գալիս են այնպես են բարևում։ Էլի գալիս ենք այդ կեղծիքին, որը իմը չէ։ Մարդուն դիտումներով ու հետևորդներով արժևորելը երևի ամենավատ կողմն է։ Նաև վատ քննադատությունը։ Դու քո կյանքը դնում ես սկուտեղի վրա և բոլորին մատուցում ես, արդեն ամեն ինչ բոլորը գիտեն, անընդհատ մտածում ես՝ մարդիկ ինչ կասեն, ու անընդհատ այդ վատը, ես դեմ չեմ առողջ քննադատությանը, բայց այդ վատը այնքան շատ է, որ իրականությանն էլ չի համապատասխանում։

-Ինչպե՞ս եք վերաբերվում բացասական երևույթներին։

– Ընդհանրապես չեմ վերաբերվում, երբ բացասականին բացասականով են պատասխանում։ Դա իմ ոճը չէ, ես չեմ արդարանում, պատասխան չեմ տալիս, չեմ հանրայնացնում։ Մեկ-մեկ լինում է, որ տխուր եմ լինում, ու օրինակ գրում են՝ «Քիթդ չե՞ս ուզում վիրահատես», պատասխանում եմ՝ «Շնորհակալություն, մեր տանն էլ կա հայելի», այդքանով սահմանափակվում եմ։ Մեկ-մեկ սարկազմով էլ եմ մոտենում, ասում եմ՝ «Գումար չունեմ», կեսը հավատում են, կեսը՝ ոչ։ Ես միշտ բոլորին պատասխանում եմ դրական։ Ես հասկանում եմ, որ իմ դրականով կարող եմ փոխել վատը։

-Ինստագրամում բլոգերների մեջ կա՞ մրցակցություն, ինչպե՞ս եք դուք մրցակցության մեջ ձեր դիրքը պահում։

-Իհարկե կան, լինում են դեպքեր, երբ բլոգերներից մեկի հետ հանդիպման եմ, սկսում են մյուսի վրա քար շպրտել, բայց ես տվյալ մարդուն շատ սիրում եմ ու միանգամից շրջանցում եմ թեման։ Անընդհատ գրքեր եմ կարդում, որտեղ հեղինակները ասում են՝ համեմատվելը մեկը մյուսի հետ կործանման է տանում։ Ես էլ առաջ անընդհատ համեմատվում էի, ու դա վատ էր։ Ես չեմ ուզում ինքս ինձ գովել, բայց փորձում եմ դրանից հեռու պահել ինձ. մեկ- մեկ չի ստացվում, շատ վարակիչ երևույթ է։ Բայց մրցակցությունը իրոք շատ է։

-Ինստագրամում գաղտնիք չէ, որ բլոգերները գումար են վաստակում գովազդների միջոցով, և կան բլոգերներ, որ  գովազդում են օրինակ` բուքմեյկերական ընկերությունները կամ խաղատները, որոնք հնարավոր է մարդկանց վնասեն։ Ինչպե՞ս եք վերաբերվում բուքմեյկերական ընկերությունների գովազդներին, և դուք երբեք ի՞նչ չեք գովազդի և ի՞նչ գովազդներից եք հրաժարվել։

– Իմ կրթութունը, որը Աստվածաշնով ուղղորդված է եղել, ինձ թույլ չի տալիս գովազդել նշված բուքմեյկերական ընկերությունները կամ խաղատները։ Երբեք չեմ գովազդում դրանք։ Առաջարկներ եղել են բավականին շատ։ Ես գովազդներ անելուց առաջ, նույնիսկ ամիսներով ուսումնասիրում եմ գովազդատուներին, իրենց առաջարկած ապրանքներն ու ծառայությունները հասկանալու՝ արժե գովազդել, թե ոչ։ Նույնիսկ գովազդատուները դժգոհել են երկարաձգելու համար, մինչև փորձարկումս չավարտեմ չեմ գովազդի։ Չեմ գովազդի մի բան, որը անիմաստ է, հանուն գումարի ամեն բան չեմ գովազդի։ Ալկոհոլի և գազավորված ըմպելիքների գովազդներ չեմ անում։ Ես ինքս իմ խղճի առաջ պատասխանատու եմ։ Հագուստի մեջ էլ կան այնպիսի բրենդեր, որոնք ունեն կրոնական սիմվոլիստիկա, դրանք էլ չեմ գովազդում, Յոգա և  սպորտային պարեր ևս չեմ գովազդում։

-Հայաստանում բոլորը փորձում են բլոգեր դառնալ,ի՞նչ կասեք այս մասին։

-Դա գալիս է նրանից, որ բոլորը կողքից մտածում են, որ բլոգերները լավ են ապրում, ամն ինչը անվճար է իրենց համար և այդպես շարունակ։ Շատ են ասում ձեզ նվեր ուղարկեմ դուք գովազդ արեք։ Նախ պետք է ասեմ դա նվեր չէ, այլ բարտերային տարբերակով գովազդ, եթե ակնկալվում է հետադարձ պատասխան, ապա դա նվեր չէ։ Կողքից այդ ամենը շատ հրապուրիչ է։

-Ինչպե՞ս ստացվեց, որ Էլենի հոլովակները հավաքեցին կես միլիոն դիտում։

– Առաջին հոլովակը մայրիկիս հետ էր, երբ սիստեմա էր ստանում, ու ես այդ ամենը բնական՝ նույնիսկ ձայնը չէի փոխել և հրապարակել էի, ու անընդհատ վախենում էի հեռախոսին նայել, թե արդյոք ինչպես կարձագանքեն դրան։ Մարդիկ այնքան են կեղծին սովորել, որ չէին հավատում այդ հոլովակի իրկանաությանը, մտածում էին ես եմ սարքել դա։ Անկեղծ չգիտեմ ինչպես է դա լինում։

-Ըստ ձեզ՝ որն է ձեր հաջողության գրավականը։

– Իմ անկեղծ լինելը, թեպետ մայրս ասում է, որ մեծ կապ էլ ունի իմ կրթությունը։ Ես ամեն ինչ ցույց եմ տալիս իր լավ ու վատ կողմերով, և կարող եմ ասել հաջողության կեսը հենց դա է։ Ես ինձ աստղ չեմ համարում, պարզապես իմ հաջողության մեծ մասը կապում եմ  անկեղծության հետ։

-Կարո՞ղ ենք ասել, որ ինստագրամը փոխեց ձեր կյանքը։

– Շատ է փոխել իմ կյանքը, կոմպլեքսներից է ինձ ազատել։ Գիտեմ, որ մարդկանց ես պետք եմ, ինձ սիրում են այնպիսին՝ ինչպիսին կամ, տվել է ինքնավստահություն։ Ես միշտ վախեցել եմ հանրային կյանքից, իսկ հիմա դա նույնպես հաղթահարել եմ։ Իսկ ամենագլխավորը՝ չվախենալ իրական լինելուց։

Հեղինակ՝  Ռիտա Մնացականյան

 

 

 

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ