Տարիների ընթացքում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում ներդրվել է դեղերի պատվերի ձևավորման, գնման, մատակարարման և պահեստի կառավարման անխափան շղթա: Պատվերի կազմումից մինչև դեղերի մատակարարումն ընկած ժամանակահատվածում գործընթացների արդյունավետ կառավարման շնորհիվ Հայաստանը դարձել է տածաշրջանի այն երկիրը, որտեղ երբևէ չի եղել հակառետրովիրուսային բուժման ընդհատում:
Կառավարության որոշմամբ` 2018 թվականին առաջին անգամ առողջապահության նախարարությունը ՁԻԱՀ-ի կենտրոնին տրամադրել է 25,9 մլն դրամի չափով դրամաշնորհ, ինչի շրջանակում ձեռք է բերվել 10 տեսակի հակառետրովիրուսային դեղ: Նախատեսված բոլոր դեղերը գնվել են սահմանված ժամկետում. ընդ որում` դեղերից 7-ը գնվել և մատակարարվել են պայմանագրով նախատեսված քանակով, իսկ 3-ը նույն գումարի շրջանակում մատակարարվել են ավելի քանակով:
Գնման գործընթացի արդյունքում տնտեսվել է 4,2 մլն դրամ:
ՀՀ կառավարությունը` ի դեմս առողջապահության նախարարության, 2017թվականից մասնակցում է ՄԻԱՎ վարակի բուժման համար հակառետրովիրուսային դեղերի գնման գործընթացին: Մինչ այդ մեր երկրում հակառետրովիրուսային դեղերը գնվել և մատակարարվել են բացառապես Գլոբալ hիմնադրամի ֆինանսավորմամբ` դրամաշնորհային ծրագրի միջոցներով:
Ընթացիկ տարում ևս հակառետրովիրուսային դեղերի գնման նպատակով առողջապահության նախարարության կողմից ՁԻԱՀ-ի կենտրոնին հատկացվել են զգալի միջոցներ՝ 105,8 մլն դրամ: Դեղերի նոր խմբաքանակի գնման գործընթացը ներկայումս ընթացքի մեջ է:
Այսպիսով, 2005 թվականից ի վեր, երբ Հայաստանում ներդրվեց ՄԻԱՎ վարակի հակառետրովիրուսային բուժումը, առաջին անգամ դեղերի գնման գործընթացում պետական մասնակցությունը կգերազանցի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրով նախատեսված գումարը:
Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարության պաշտոնական կայքից: