Գրիբոյեդով գյուղի բնակիչները փակել են Էջմիածնի ճանապարհը, պահանջը մեկն է՝ ճանապարհի բարեկարգում: Այս մասին հայտնում է shantnews.am-ը։ Գյուղի բնակիչներից մեկը, որ չի ցանկացել ներկայանալ, զրույցում նշել է.
«Մեզ ասում են՝ փողերը տվեք, բարեկարգենք, հիմա մենք որտեղի՞ց փող տանք: Ասում են՝ 50 տոկոսը դուք արեք, 50-ը՝ մենք»:
Ակցիայի մասնակիցը հայտնեց, որ ճանապարհն ամբողջությամբ փակ է, գյուղի 90 տոկոսն ակցիայի է դուրս եկել:
«Հեսա կնանիք-մնանիք էլ կգան ու վերջ: Գրիբոյեդով խաչմերուկի մայրուղին է: Առաջին անգամ ենք ակցիա անում, միշտ համեստ, խելոք նստել ենք մեր տեղը, սպասել ենք, որ մի բան կլինի»,- ասել է նա:
Վերջինս հայտնել է, որ տեղում է Ոստիկանության վարչության պետը և սպասում են մարզպետին: Հարցին՝ ի՞նչ վիճակում է ճանապարհը, որի բարեկարգման պահանջով ակցիա են իրականացնում, նա պատասխանել է.
«Ճանապարհ չկա ստեղ, եթե գաք, ձեր մեքենան հաջորդ օրը չի քշվելու, պիտի տանեք ռեմոնտի, մեծ ծախսերի հետ է կապված լինելու, տրակտորով պիտի գնաք-գաք, ջրերի մեջ, մի ահավոր վիճակ, պատկերացնելու չի, արդեն երրորդ տարին է՝ այս վիճակն է»:
Աղբյուր՝ https://www.shantnews.am