Ավարտական դասարաններում սովորող աշակերտները միասնական քննություններին նախապատրաստվելու ընթացքում դժվարությամբ են շտեմարաններ ձեռք բերում կամ չեն կարողանում դա անել: Ըստ նրանց տրվող պարզաբանումների՝ ԿԳՆ-ն թույլ չի տալիս շտեմարան տպագրել: Armtimes-ի հարցումները նույնպես ցույց տվեցին, որ ոչ բոլոր գրախանութներում կան այդ գրքերը, եղածներն էլ՝ անցյալ տարվա:
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը օգոստոսին տված հարցազրույցներից մեկում շտեմարանների վերաբերյալ ասել էր. «Առաջիկա մեկ-երկու տարիներին առավելագույնս կհրաժարվենք շտեմարաններից: Դրանք օգտակար չեն, փոխարինում են 11-12-րդ դասարանների դասընթացները: Դրանք թույլ չեն տալիս ստուգել գիտելիքները, «զուբրիտի» արդյունք են»:
Նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, պատասխանելով մեր հարցին, թե արդյոք շտեմարաններն այլևս թույլատրված չեն, նշեց. «Ցանկացած ուսումնաօժանդակ գրականություն, ցանկացած նյութ, որը դպրոցում գործածվելու է, երաշխավորվում է Կրթության և գիտության նախարարի հրամանով՝ կրթության ազգային ինստիտուտի փորձաքննությունից հետո: Շտեմարանները, որպես ուսումնաօժանդակ նյութ, երաշխավորված են դպրոցում գործածության, և այս պահին դա ուժը կորցրած ճանաչելու հրաման չունենք: Ինչ վերաբերում է տպագրությանը, նախարարությունը որևէ պարտավորություն չունի երաշխավորված ուսումնաօժանդակ նյութերը տպագրելու՝ դպրոցներն բաժանելու համար: Հեղինակներն ազատ են ցանկացած ուսումնաօժանդակ նյութ, որը նախարարությունը երաշխավորում է դպրոցում գործածության, տպագրել, և եթե դպրոցը կցանկանա դա օգտագործել, կարող է օգտագործել»:
«Թեստերը այսպես թե այնպես լինելու են բացառապես շտեմարանների, դասագրքերի և ծրագրային նյութերի շրջանակներում: Դրանից դուրս թեստեր չեն կարող կազմվել»,- անդրադառնալով խնդրին՝ ասաց ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանը: Բայց, ըստ նրա, շտեմարաններից վերցված քննական առաջադրանքների պատասխանների տարբերակների տեղերը կարող են փոփոխվել կամ առաջադրանքները կազմվեն շտեմարանների՝ նմանատիպ բովանդակություն ունեցող տարբեր առաջադրանքներից՝ համադրման եղանակով:
Արմեն Փաշայանը նաև ասաց, թե հնարավոր է ԳԹԿ-ն շտեմարաններ տպագրի: «Օրինակ՝ հայոց լեզվի շտեմարան տպագրելու ուղղությամբ մենք հիմա մտածում ենք: Պահանջարկ կա, շատ են զանգահարում, ուզում են շտեմարաններ: Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքէջում այդ շտեմարանները տեղադրված են, բայց միգուցե պարապելու համար երեխաները թղթային տարբերակն են նախընտրում: Պահանջարկը մեծ է, դիմում են հայոց լեզվի առումով, նաև մաթեմատիկայի: Առաջին անգամ, երբ որ շտեմարանը դուրս է եկել, Գնահատման և թեստավորման կենտրոնն է երկու առարկա տպագրել՝ հայոց լեզու- հայ գրականություն և մաթեմատիկա: Դրանից հետո այլևս շտեմարանների տպագրությամբ գնահատման և թեստավորման կենտրոնը չի զբաղվել: Հրաժարվելու պատճառը չեմ կարող ասել՝ որն է եղել, միգուցե՝ ծանրաբեռնվածությունը: Ես հիմա էլ փորձում եմ տեսնել՝ մենք հնարավորություն կունենա՞նք, ժամանակի մեջ կտեղավորվե՞նք, եթե շտեմարան տպագրենք»,- ամեն դեպքում վերջնական պնդումներից խուսափեց ԳԹԿ ղեկավարը: Հավելեց, որ թեպետ տպագրության դեպքում կենտրոնը շահույթ կստանա, բայց դա լինելու է ստիպված քայլ՝ պահանջարկին ընդառաջ գնալու նպատակով: