fbpx
Հասարակություն

Գյումրիում վնասված ձիով կառքը չի շահագործվում

Համացանցում ակտիվ քննարկման եւ քննադատությունների առիթ էր տվել մի լուսանկար, որտեղ երեւում էր, որ Գյումրիում ֆայտոնի ծառայություն մատուցելու համար շահագործվում է բաց վերք ունեցող եւ դժվարությամբ առաջ շարժվող ձի։

Գյումրիի համայնքապետարանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը News.am-ին ասաց, որ քաղաքապետարանը որեւէ գործառույթ չունի կառապանների աշխատանքը կարգավորելու համար, կառապաններն անկախ են աշխատում, հետեւաբար համայնքապետարանը չի կարող սահմանափակել նրանց աշխատանքը։ Տվյալ պարագայում ձին կառապանի սեփականությունն է։

«Մեր պաշտոնյաները լուսանկարների տարածումից հետո կապ են հաստատել կառապանի հետ, որը գյումրեցի է եւ պահանջել են դադարեցնել այդ վիճակում կենդանու շահագործումը։ Կառապանը մեր պաշտոնյային փոխանցել է, որ ինքն ունի անասնաբույժի համապատասխան թույլտվությունը կենդանուն շահագործելու վերաբերյալ։ Ամեն դեպքում այժմ ինքը ձիուն չի օգտագործում։ Նա ոստիկաններին պարզաբանել է, որ վերքն առաջացել է նոր թամբի հետեւանքով»,- ասաց Առաքելյանը։

Գյումրիի համայնքապետարանի մամուլի խոսնակը նշեց, որ նախքան աղմուկ հանած լուսանկարների տարածումը՝ համայնքապետարանը վիրավոր ձիուն շահագործելու վերաբերյալ ահանզանգ չի ստացել։

Գյումրիի ավագանու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քաղաքում գործող թափառող կենդանիների ստերջացման կլինիկան ձիու բուժման համար դեղատոմս է փոխանցել տիրոջը։

«Ձին իր տիրոջ մոտ է, բուժումն իրականացվում է։ Գյումրեցիների խոսքը մեջբերեմ՝ հիմա ձին իրենց տան ամենավերեւի գլխում է նստած»,- նշեց Հարությունյանը։

Նշենք, որ Ոստիկանությունը հրապարակումների հիման վրա իրականացրել է ստուգողական գործողություններ եւ կազմված փաստաթղթերն ուղարկել նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ