fbpx
Իրավական

Գյումրիում դաժանորեն սպանված կնոջ փաստաբանները դիմել են դատարան

Գյումրիում դաժանաբար սպանված Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի՝ դստեր շահերը ներկայացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել է դատարան՝ բողոքարկելով քննիչի և դատախազության որոշումներն առ այն, որ կնոջ սպանության մեջ մեղադրվող ՌԴ ռազմաբազայի զինծառայողը պետք է շարունակի պահվել ռազմաբազայում:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Տուժողի շահերը ներկայացնող գրասենյակը միջնորդություն էր ներկայացրել ռուս զինծառայողին Հայաստանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ: Սակայն քննչական մարմինը մերժել էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների այս միջնորդությունը: Այդ միջնորդությունը մերժելու որոշման դեմ ՀՔԱ-ն բողոք էր ներկայացրել դատախազություն և ստանալով նաև դատախազության մերժումը՝ այժմ որոշել են հայց ներկայացնել դատարան:

Արթուր Սաքունցն ասել է նաև, որ Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով ևս մեկ անձ ընդգրկված է որպես տուժող: Այդ անձի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Սա նշանակում է, որ Ջուլիետա Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող զինծառայողը ևս մեկին վնասվածքներ է պատճառել:

Այն հարցին, թե ինչ վնասներ է հասցրել, ինչից է տուժել երկրորդ անձը, և ով է նա, արդյոք ՀՀ քաղաքացի՞ է, թե՞ ռազմաբազայի մեկ այլ զինծառայող, Արթուր Սաքունցն ասել է, որ մանրամասներ հաղորդել ինքը չի կարող, որովհետև այս ամենը նախաքննական նյութ է:

Ըստ որոշ տեղեկությունների՝ տղամարդը, ում վնասել է զինծառայողը, ՀՀ քաղաքացի է, նա փորձել է օգնություն ցուցաբերել տուժած Ջուլիետա Ղուկասյանին:

Անկախ ամեն ինչից, ըստ Արթուր Սաքունցի, տեղի ունեցածը ծանր հանցագործություն է, և հանցագործություն իրականացրած անձը պետք է ենթարկվի պատասխանատվության ՀՀ տարածքում ՀՀ օրենքներով:

Աղբյուր՝ http://galatv.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ