fbpx
Հասարակություն

Գյումրիում մեկնարկեց Եվրամիության երիտասարդական նոր ծրագիրը

Այսօր Գյումրիում ազդարարվել է «EU at LOFT in Gyumri» երիտասարդական ծրագրի մեկնարկը, որի նպատակն է աջակցել և ներգրավել գյումրեցի երիտասարդներին և ավելի իրազեկելու եվրոպական միության անդամ երկրների մշակույթին: Ծրագրի հանդիսավոր բացման միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու երիտասարդներ:

«EU at LOFT in Gyumri» ծրագրի ընթացքում Գյումրիում կազմակերպվելու են ԵՄ անդամ 11 երկրների՝ Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային,Լեհաստանին, Լատվիային, Շվեդիային, Հունաստանին, Բուլղարիային, Ռումինիային, Իտալիային և Չեխիային նվիրված  դասախոսություններ, հանդիպումներ ու քննարկումներ՝ Հայաստան ժամանած պատվիրակությունների մասնակցությամբ:

Իր բացման խոսքում Պյոտր Սվիտալսկին նշել է,որ 9000 եվրո արժողությամբ ծրագիրը իրականացվում է հենց Գյումրիում, քանի որ այստեղ մեծ պոտենցիալ կա:

«Գյումրին ամենաեվրոպամետ քաղաքն է ու միակը, որտեղ կա «Եվրոպա»-ի հրապարակ: Մենք Ամասիայում բրդի վերամշակման գործարանից և Աշոցքում ձմեռային դահուկուղուց բացի՝ Գյումրիում և Շիրակի մարզում դեռ շատ ծրագրեր ենք իրականացնելու, ցանկանում եմ, որ մեզ լավ ու հեռատեսական ծրագրեր ներկայացնեն, մենք դրանք կքննարկենք ու անպայման կֆինանսավորենք: Շիրակի մարզում մեր առաջնային ու ամենակարևոր խնդիրը նոր աշխատատեղեր ստեղծելն է, գյուղատնտեսությանն ու զբոսաշրջությանը առնչվող գաղափարներից բացի՝ մենք ցանկանում ենք իրականացնել նաև ստեղծարար արդյունաբերությանն ու IT ոլորտների զարգացման ծրագրեր», – նշել է ԵՄ դեսպանը:

Պյոտր Սվիտալսկին նաև հայտնել է,որ 3 տարի անց Գյումրիում կհիմնեն Եվրոպայի տուն,որինախապատրաստական աշխատանքները արդեն սկսված են:

«EU at LOFT in Gyumri» երիտասարդական ծրագրի տևողությունը 8 ամիս է, այդ ընթացքում Գյումրիում կկազմակերպվեն ազգային խոհանոցների վարպետության դասեր, Ազգային երգ ու պարի ուսուցում, թատերական ներկայացումներ, թեմատիկ ցուցահանդեսներ ու անդամ 11 երկրներին նվիրված միջոցառումներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ