Այսօր` մայիսի 23-ին Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփեց Արարատի մարզ կատարած իր այցը:
Վարչապետը նշել է, որ հիմնականում ոռոգման հետ կապված հարցեր են մարդիկ բարձրացնում:
«Ես մտածում եմ, որ եթե այդ հարցերը լուծվեն, կամ լուծված լինեին, միևնույն է, հարց չի լուծելու, քանի որ մի տարի բերքն ավելի շատ է լինելու, քան պետք է, դրա արդյունքում բերքի գինն ընկնելու է, մի տարի քիչ է լինելու: Ես էլի մնում եմ իմ կարծիքին, որ լուծումը մտածողության փոփոխությունն է»,-ասաց նա:
Ըստ վարչապետի՝ եղած ջրով կարելի է տասն անգամ շատ հող մշակել, տասն անգամ ավելի շատ բերք ստանալ:
«Հող մշակման կուլտուրան մեր երկրում պետք է փոխվի, քանի որ այս կուլտուրայով հնարավոր չէ այնպես անել, որ դա գյուղացուն հարստացնի: Ես անցնում եմ և ծառերին եմ նայում և դրանց մեծամասնության տեսքն ասում է, որ եկամուտ չի բերելու այդ ծառը: Ամեն տարի ժամանակակից ֆերմերը մտածում է, ոչ թե տեսնի, թե որքան բերք կլինի, այլ պլանավորում է: Ժամանակակից գյուղատնտեսական պայմաններում բերքը կախված չէ եղանակից, բերքը կախված չէ այլ գործոններից, այլ կախված է պլանավորումից»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է անցնել գյուղատնտեսական ժամանակակից տեխնոլոգիաների:
«Մենք գյուղատնտեսությունում ունենք ընդամենը 3 պրոբլեմ, առաջինը՝ գիտելիք, երկրորդը՝գիտելիք, երրորդը գիտելիք»,-ասաց նա և նշեց, որ այսօրվա իր շրջայցն էլ ավելի ամրապնդեց իր հետևությունը և ուրախությամբ արձանագրեց, որ շատ գյուղացիներ ընդունում են դա: