Նախօրեին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել առ այն, որ օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, 2003թ. ծնված շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ մահացած զինծառայողը հրազենային մարմնական վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը։
«Ցավակցում եմ Էրիկ Ղարսյանի հարազատներին:
Մեր բանակը կանգնած է լրջագույն վերափոխումների անհրաժեշտության առջև և խնդիրը հայկական բանակի կառավարումը խորհրդային մտածողությունից հնարավորինս արագ ազատելն է: Պետք է բանակի կառավարումն ու բանակային քաղաքականությունը մշակող բարձրագույն պաշտոններում հնարավորինս շատ ներգրավվեն մարդիկ, որոնք զերծ են խորհրդային մտածողության կաղապարներից, որոնք կարողանում են ազատ մտածել, խնդիրները համակողմանի եւ կարծրատիպերից դուրս դիտարկել, որոնք հասկանալով բանակի պահպանողական էությունը, կարողանում են այդ էությունը սպասարկել բավական ճկուն մոտեցումներով:
Համաշխարհային բանակշինության ժամանակակից փորձը ցույց է տալիս, որ ռազմավարական, հեռահար հաջողության հասել են արեւմտյան քաղաքակրթության, արեւմտյան արժեհամակարգի եւ մտածողության վրա կառուցված բանակները, որոնք այժմ կենտրոնացված են ՆԱՏՕ-ում: Խնդիրը ամենեւին Հայաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը չէ:
Պարզապես պետք է ոչ միայն արտաքինով, ձեւով, այլ նաեւ բովանդակությամբ կիրառել հաջողակ բանակաշինության փորձը: Այլապես, հատկապես դաժան պատերազմում պարտությունից հետո, բանակում շարունակում է իշխել բովանդակությամբ, մտածողությամբ բանակաշինության այսպես ասած հակառակ “քաղաքակրթական բեւեռը”` ռուսականը, որն ինքն այսօր լուրջ ճգնաժամի մեջ է, եւ կրկին այն պատճառով, որ մտածողությունը մնացել է խորհրդային ժամանակներում:
Բանն այն չէ, որ ՆԱՏՕ-ական արժեհամակարգի երկրների բանակներն իդեալական ու անթերի են, իսկ խորհրդա-ռուսականը թերարժեք: Ամենեւին: Խոսքն ընդհանուր նկարագրի, մրցունակության, ժամանակակից համաշխարհային թե քաղաքական, թե քաղաքակրթական միտումների հանդեպ համարժեք լինելու մասին է:
Այդ առումով, Հայաստանը պետք է իր բանակում, պաշտպանական համակարգում կատարի կամ մտածողության վերափոխում կամ մտածողների փոփոխություն, ինչին պետք է ուղղված լինեն նախարարության քարոզչական ռեսուրսները, հենց դրանով, դրա շուրջ քննարկումներ ծավալելով պետք է գրավել հանրային ուշադրությունը»: