fbpx
Առողջապահություն

Երևանում կմեկնարկի հակաբիոտիկների պատշաճ կիրառմանն ուղղված միջոցառումների շաբաթ

Երևանում մեկնարկող հակաբիոտիկների պատշաճ կիրառմանն ուղղված միջոցառումների շաբաթվա միջոցով նպատակ է դրված ամենուրեք և յուրաքանչյուրին հասցնել, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը համաշխարհային առողջապահության արդիական հիմնախնդիրն է: Շաբաթը կմեկնարկի նոյեմբերի 12-ին և կտևի մինչև նոյեմբերի 16-ը:

2018 թվականի սեպտեմբերից Հայաստանում մեկնարկել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հակազդման համատեղ պայքար ծրագիրը: Դրա հեռահար նպատակն է նվազագույնի հասցնել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության բացասական ազդեցությունները գյուղատնտեսության ոլորտում՝ սննդամթերքի անվտանգության, շրջակա միջավայրի, և, որպես հետևանք, մարդու առողջության վրա:

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աշխատակից Զարուհի Բեգլարյանն ասաց, որ հակաբիոտիկների պատշաճ կիրառմանն ուղղված միջոցառումների շաբաթի կարգախոսը «Մեկ առողջություն»-ն է:

«Մենք աշխատելու ենք Սննդի անվտանգության տեսչության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ: Տեխնիկական աջակցություն ենք տրամադրելու 3 հիմնական ուղղությամբ՝ օրենսդրական դաշտի վերանայում, լաբորատոր ցանցի վերազինում և հզորացում, իրազեկում»,- նշեց Զարուհի Բեգլարյանը:

Ըստ միջազգային տվյալների՝ ամբողջ աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50 տոկոսից ավելին օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում՝ մասնավորապես որպես կերային հավելում: Վերջին 30 տարվա ընթացքում հակաբիոտիկների կիրառումը գյուղատնտեսության ավելացել է 30 անգամ, իսկ առողջապահության ոլորտում՝ 10:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ հակաբիոտիկների պատշաճ կիրառման հարցի շուրջ ակտիվ գործունեություն է ծավալում Կենդանիների համաշխարհային կազմակերպությունը:

«Մի քանի օր առաջ այդ կազմակերպությունը Մարոկկոյում անցկացրեց մի գագաթնաժողով, որտեղ առաջարկներ եղան անասնաբուժության ոլորտում հակաբիոտիկային կայունության դեմ պայքարի վերաբերյալ: Շատ եմ կարևորում միջգերատեսչական համագործակցությունը, որովհետև ամբողջ աշխարհում սկսել է մեկ առողջություն սկզբունքը, որտեղ ներառված է և՛ անասնաբուժությունը, և՛ առողջապահությունը, և՛ բնապահպանությունը: Այս երեք ոլորտներով աշխատանքներ իրականացնելու դեպքում մենք կունենանք անհավանական և լուրջ արդյունքներ»,- ընդգծեց Ավետիսյանը և հավելեց, որ այս շաբաթվա շրջանակում աշխատանքների ցանկ է կազմվել՝ ստուգել անասնաբույժների ունակությունները և նրանց տեղեկացված լինելը, ագրեսիվ քարոզչություն տանել գյուղատնտեսությամբ զբաղվող անհատների կամ ֆերմերների հետ՝ անհիմն հակաբիոտիկների օգտագործումից ետ պահելու համար:

Աղբյուր՝ 1in.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ