Այսօր ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից հեղինակած «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:
Դրանով նախատեսվում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:
Նախագիծն անցավ 85 կողմ ձայնով։
Նշենք, որ նախագիծը չի վերաբերվում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչից, ինչպես նաև վարժական հավաքից խուսափած անձանց, որոնք համաներման չեն ենթարկվի։