fbpx
Մշակույթ

Համերգ՝ նվիրված քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակին

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 20։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ՝ նվիրված քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակին: Միջոցառման ընթացքում կհնչի «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը, բանաստեղծությունը՝ Կոմիտասի, երաժշտությունը՝ Վահան Արծրունու:

Հիշատակի համերգին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ցավով նշել է, որ մեծանուն արվեստագետ Արտո Չաքմաքչյանը վերջերս է իր մահկանացուն կնքել. արվեստագետ՝ որի կյանքը լի էր ինչպես նվաճումներով և վերելքներով, այնպես էլ դրամատիկ պահերով:

«Արտո Չաքմաքչյանի հիշատակին նվիրված միջոցառման իրականացման նախաձեռնությունը պատկանում է Վահան Արծրունուն, որի առաջարկությանը նախարարությունն անմիջապես արձագանքել է: Այս համերգը հարգանքի տուրք է Արտո Չաքմաքչյանի հիշատակին, և առիթ՝ մեկնարկելու անվանի քանդակագործի ժառանգության վերաիմաստավորման և նոր կյանքի փուլը: Դեռևս շատ բան կա ասելու և անելու Արտո Չաքմաքչյանի ժառանգության հանրահռչակման առումով: Արտո Չաքմաքչյանն այն արժեքն ու երևույթն է, որն իր մեջ ամփոփում է ինչպես շատ խորը ազգային էություն, արմատներ, այնպես էլ միջազգային տարբեր դպրոցների, տարբեր ուղղությունների մշակույթի ազդեցություններ և շերտեր, որոնք ոչ միայն դժվար է համադրել, այլև հստակ սահմանագիծ անցկացնել՝ ազգայինի և միջազգայինի միջև»,- նշել է Ա. Խզմալյանը և տեղեկացրել, որ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, ինչպես նաև այլ գործընկերներ քայլեր են ձեռնարկում Չաքմաքչյանի ժառանգությունը Հայաստան տեղափոխելու, ինչպես նաև այդ ժառանգությունը հավուր պատշաճի ներկայացնելու ուղղությամբ: Ավարտելով իր խոսքը՝ Ա. Խզմալյանը բոլորին հրավիրել է ներկա գտնվելու Վարպետի հիշատակին նվիրված միջոցառմանը:
Նկարիչ, «Պրինտ ինֆո» հրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյանն Արտո Չաքմաքչյանի մասին իր խոսքը սկսել է նրա հետ մտերմության, շփումների, զրույցների հուշերով: «Նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել զրուցել Արտոյի հետ, կվկայեն, որ դրանք մեծ բավականություն պատճառող զրույցներ են եղել, միևնույն ժամանակ դժվար: Նա ոչ թե խոսում էր, այլ խոսքը վերածում էր հերթական քանդակի, և ստիպված էիր դադար առնել` հասկանալու համար, թե ինչ է ասվել»,- խոստովանել է Արամ Մեհրաբյանը:

Վահան Արծրունու խոսքով՝ Չաքմաքչյանին հանդիպել է 2004 թվականին Նյու Յորքում. նա ձևավորել է Վահան Արծրունու Կոմիտասի բանաստեղծություններով գրված «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը ներկայացնող ալբոմը։

«Մեկ շաբաթ շարունակ նրա հետ շփվելու արդյունքը եղավ այն, որ նա առաջարկել է «Կոմիտաս. Տասը Հայտնություն» ալբոմի հրատարակության դեպքում ինքն իր գծանկարներով ձևավորի այն: Դա տեղի է ունեցել և ալբոմի յուրաքանչյուր էջին զետեղված են նրա քանդակների պատկերները, գծանկարները: Այս համերգին ներկայացվելու են այն գծագրերը, որոնք Արտոն տրամադրել էր ինձ, և որոնք երբևէ չեն ցուցադրվել»,- եզրափակել է Արծրունին:
Տեղեկացնենք, որ Արտո Չաքմաքչյանի հիշատակի համերգին հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը (խմբավար՝ Կարինե Եզեկյան), Վահան Արծրունին (մեներգ, կիթառ), Նելլի Մանուկյանը (ֆլեյտա), Հովհաննես Պապիկյանը (հոբոյ), Մերուժան Տեր-Մինասյանը (գալարափող), Գրիգոր Առաքելյանը (հայկական վիոլա):

Հիշատակի համերգը միջոց է մեր հարգանքի տուրքը մատուցելու Վարպետին՝ ներկայացնելով նրա կապը կոմիտասյան թեմայի հետ՝ կերպարվեստի, բանաստեղծության և երաժշտության միջոցով։

Համերգին հանրությանը կներկայացվեն Արտոյի կոմիտասյան շարքի գրաֆիկական աշխատանքները և երգաշարի համերգային կատարումը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ