fbpx
Էկո

Հանցագործության մասին հաղորդում որսագողության համար (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:

Այս անգամ ևս համացանցային բաց տվյալների ուսումնասիրության արդյունքում արձանագրել ենք ապօրինի որսի մասին վկայող լուսանկարներ։ Գորիսի բնակիչ Վարդան Առաքելյանն օգոստոսի 25-ին լուսանկարներ է հրապարակել սպանված գորշուկը (Meles meles) ձեռքին:

Գորշուկը կզաքիսների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է։ Սովորական գորշուկը տարածված է Եվրասիայում, Հայաստանում տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Բնակվում է գետնափոր բներում, որոնք փորում է քարակույտերում, ժայռերի, ձորերի լանջերի թեքություններում, բաց տարածություններում, անտառներում և այլ վայրերում։ Կենդանատեսակը ևս ընդգրկված չէ ԿԳ-ում, սակայն որսը թույլատրված չէ և չի հանդիսանում որսատեսակ։ Ավելին՝ որսի սեզոնը դեռ չի բացվել նախարարի պաշտոնական հրամանով:  Լուսանկարներում ֆեյսբուքյան օգտատերը նշել է ևս մի քանի օգտատերի: Լուսանկարներում երևում է նաև, թե ինչպես են կենդանուն մորթում:

Որսի ոլորտում ստեղծված իրավիճակին անդրադարձել ենք բազմիցս։ Ըստ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից կատարված ուսումնասիրության՝ ՀՀ որսի ոլորտի նկատմամբ ևս բացակայում է պատշաճ մակարդակի վերահսկողություն, իսկ որսորդական միասնական վկայական ստանալու կարգի ոչ լիարժեքության, «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքով սահմանվող որսորդական մինիմում հանձնելու պրակտիկայի ի սպառ բացակայության, մի շարք այլ ընթացակարգային խնդիրների հետևանքով ոլորտում ստեղծվել է քաոսային իրավիճակ, ինչի պատասխանատուն առաջին հերթին պետական լիազոր մարմինն է, որը գրեթե 10 տարի շարունակ պատշաճ կերպով չի իրականացրել իր լիազորություններն ու պարտականությունները։

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութի աղբյուրը` Econews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ