ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 22-ին հրավիրած նիստում Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողի ներկայացմամբ՝ դեռեւս 2014 թվականից մտավախություն կար, որ նախկին իշխանությունները նպատակ ունեն վաճառելու ՀՀ ԳԱԱ շենքը: Ըստ նրա՝ նախագծի ընդունման անհարժեշտությունը պայմանավորված է հայ ժողովրդի ստեղծած, պատմաճարտարապետական ազգային ժառանգության պահպանման հրամայականով: Առաջարկվել է սահմանել պարտադիր պահանջ, ըստ որի հասարակական կամ պետական կարիքների համար ԳԱԱ-ին ամրակցված գույքի օտարումը կարող է կատարվել միայն բացառիկ հանգամանքների առկայության դեպքում եւ բացառապես օրենքով: Սերգեյ Բագրատյանի հավաստմամբ՝ նախագծի ընդունման արդյունքում օրենքով կսահմանվի գիտական ներուժի բնականոն գործունեության իրականացումն ապահովող շինությունների նպատակային օգտագործումը, պահպանումն ու փոխանցումն ապագա սերունդներին:
Հարակից զեկուցող ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը նշել է, որ Կառավարությունն առաջարկել է գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով մի շարք գործող իրավական կարգավորումներն ու մոտեցումները: Ըստ բանախոսի՝ նախագծից պարզ չէ, թե որ դեպքերն են դիտարկվում բացառիկ, որոնց առկայության պարագայում միայն օրենքով կարող է օտարվել Ակադեմիային օգտագործման համար ամրակցված գույքը: Փոխնախարարը նշել է, որ ներկայացված չեն այն առանձնահատկությունները, որոնք հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջանում Գիտությունների ազգային ակադեմիայի համար բացառություններ նախատեսել գույքի օտարման կարգում. նման դրույթի սահմանումը գործնականում կարող է ստեղծել արհեստական խոչընդոտներ պետական գույքի արդյունավետ կառավարման բնագավառում:
Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով` որեւէ կառավարություն թույլ չի տա վաճառել այդ շենքը: Վիճահարույց համարելով «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքն ընդհանրապես, նա ընդգծել է, որ նախագիծը հրատապ եւ արդյունավետ լուծումների անհրաժեշտություն ունի: Սերգեյ Բագրատյանն առաջարկել է հետաձգել նախագծի քննարկումը, գործադրի հետ նախատեսել նոր քննարկումների շրջափուլ ու հանդես գալ լրամշակված տարբերակով, ինչն ընդունվել է:
Հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի հեղինակած «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Արտակ Մանուկյանը նշել է, որ օրենքն արդիականացնելու եւ իրավահարաբերությունները վերակարգավորելու անհրաժեշտւթյուն կա: Առաջարկվել է տարբերակել բուն մարզական գործունեություն իրականացնող կազմակերպությունները, հաստատել հավաքական թիմի կազմավորման, թիմի կազմում ընգրկվելու որոշ չափանիշներ: Պատգամավորները հեղինակներին ուղղել են հարցեր, որոնք վերաբերել են մարզիչ-մանկավաժ ինստիտուտի վերաձեւավորմանը, ֆեդերացիաների գրանցման գործընթացին, մարզիկների եւ մարզիչների իրավունքներին, գերակա մարզաձեւերին:
Հարակից զեկուցող ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանն առաջարկել է համագործակցել բնագավառի լիազոր մարմնի հետ եւ հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել նոր լրամշակված տարբերակ:
Նախագծի համահեղինակ ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն առաջարկել է լրամշակումներ կատարել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում:
Նախագիծը դրական եզրակացությամբ առաջարկվել է ընդգրկել ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգերի նախագծում: