fbpx
Քաղաքականություն

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը Աստանայում կքննարկվի, «այլ բան է՝ որոշում կընդունվի՞, թե՞՝ ոչ»․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չի բացառում, որ Ռուսաստանի ներկայացուցիչը, որը հիմա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է, շարունակի պաշտոնավարել մինչև ժամկետի ավարտը։

Գրիգորյանը համոզված է, որ այսօր Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում հարցը կքննարկվի․ – «Ուրիշ բան է՝ որոշում կընդունվի՞, թե՞՝ ոչ, բայց կքննարկվի»։ «Ես կարծում եմ, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի համար գլխավոր չի լինի այն հարցը, ասենք՝ Հայաստանն ի՞նչ թեկնածու է ներկայացնում, կամ Բելառուսը, այլ երկրները, եթե առաջադրումներ լինեն։ Գլխավոր խնդիրն այլ կլինի՝ ո՞նց վարվել այս իրավիճակում. թողնել, որ Հայաստա՞նը ներկայացնի, որ մնացած մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի ներկայացուցի՞չը նորից ընտրվի գլխավոր քարտուղար, թե՞, օրինակ, փոխանցել իրավունքը ռոտացիոն կարգով Բելառուսին։ Այս սկզբունքային հարցը կլուծվի: Կա նաև երրորդ լուծում՝ ես չեմ բացառում, որ ոչ մի լուծում չի լինի վաղը, և ուղղակի Ռուսաստանի ներկայացուցիչը, որը հիմա պաշտոնակատարի դերում է գլխավոր քարտուղարի, որը մինչ այդ տեղակալն էր գլխավոր քարտուղարի, կշարունակի պաշտոնավարել», – ասաց քաղաքագետը:

Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար էր նշանակվել 2017 թվականի ապրիլի 14-ից՝ երեք տարի ժամկետով։

2008 թվականին Հայաստանի պաշտպանության փոխնախարարի և Երևանի կայազորի պետի պաշտոնը զբաղեցրած Խաչատուրովին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով, նա դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել և օգոստոսի սկզբից Մոսկվայում շարունակում էր կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները։ Սակայն Հայաստանը հետ կանչեց Խաչատուրովին, և նա նոյեմբերի 2-ին ազատվեց այդ պաշտոնից։

ՀԱՊԿ կանոնների համաձայն՝ Խաչատուրովից հետո այդ պաշտոնը պետք է անցներ Բելառուսի թեկնածուին։

Օրերս «Կոմերսանտ»-ը «ՀԱՊԿ-ի համար նոր գլխավոր քարտուղար են գտել» վերնագրով հոդված հրապարակեց, որում նշված էր, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կարող է զբաղեցնել Բելառուսի անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասը։

Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ ունեն նոր թեկնածու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար։ Սակայն կազմակերպության կանոնակարգում հստակ նշված չէ, թե հետ կանչելու դեպքում ինչպե՞ս է կարգավորվում նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը, կարո՞ղ է արդյոք նոր քարտուղարը լինել նույն երկրի ներկայացուցիչը։

Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանի այս առաջարկը չի ընդունվի․ – «Ես մտածում եմ, որ մեր առաջարկը չի անցնի։ Ռուսաստանը, Բելառուսը, այլ երկրներ մարսեցին այն փաստը, որ Հայաստանը հասավ նրան, որ հետ կանչեց գլխավոր քարտուղարին, ու ստացվում է, որ իրենք Հայաստանի թելադրանքով մյուս հարցն էլ ի օգուտ մեզ պետք է լուծեն՝ այդ մեկուկես տարին նորից տան Հայաստանին, որ Հայաստանի երկրորդ ներկայացուցիչն ընտրվի գլխավոր քարտուղար։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը կգնա նրան՝ էդ էլ հաշվի առնելով, որ Ռուսաստանը դժգոհություններ էր արտահայտել նախօրոք մինչև գլխավոր քարտուղարի պատմության հետ կապված, դա է պատճառը, որ ես կարծում եմ՝ իրենք չեն համաձայնվի»։

«Բայց առանց կոնսենսուսի այդ հարցը չի կարող լուծվել: Մյուս կողմից՝ Հայաստանը չի զիջելու այդ մեկուկես տարին ուրիշ երկրներին: Հայաստանը, ունենալով վետոյի իրավունք, թույլ չի տա, որ ռոտացիոն կարգով Բելառուսին անցնի, ու լուծումը կլինի նա, որ ժամանակավոր կմնա այդ նույն մարդը, որը հիմա ժամանակավոր պաշտոնակատարի դերում է, դա նախկին գլխավոր քարտուղարի տեղակալ Ռուսաստանի ներկայացուցիչն է», – ասաց քաղաքագետը։

 

Աղբյուրը՝ azatutyun.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ