fbpx
Քաղաքականություն

«Եթե ՀԱՊԿ-ում պրոբլեմներ առաջանան, ապա դրանից օգտվողը լինելու է Ադրբեջանը»-Արմեն Ռուստամյան

Ցավում եմ, որ այսպիսի իրավիճակ է առաջանում արտաքին քաղաքականության կարևոր հարթակի` ՀԱՊԿ-ի վրա, լրագրողների հետ ԱԺ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Այս մասին հայտնում է henaran.am-ը։

«Միանշանակ է, որ թե Բելառուսի, թե Ղազախստանի ղեկավարների հայտարարությունները չեն բխում կառուցողականության ոգուց և այն համագործակցության տրամաբանությունից, որը ՀԱՊԿ գործընկերության մեջ առկա է», – ասաց նա:

Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ Խաչատուրովին ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում նշանակելը հեշտ չի եղել և պետք էր գիտակցել, թե ինչ խնդիրներ են առաջանալու՝ նրան հետ կանչելով:

Խոսելով ՀԱՊԿ անդամ երկրների առաջանորդներին ուղղված Փաշինյանի հայտարարության մասին՝ Ռուստամյանն ընդգծեց, որ չպետք է պահանջել որևէ երկրի ներկայացուցչից որևէ կեցվածք որդեգրել. «Դա կառուցողական տեղ չի տանելու»:

Նա նաև ընդգծեց, որ եթե ՀԱՊԿ-ում պրոբլեմներ առաջանան, ապա դրանից օգտվողը լինելու է Ադրբեջանը:

«Տեսնում եմ, թե ինչպիսի հրճվանք է Ադրբեջանի նախագահը այդ թեմայով արտահայտում` մեղադրանքի սլաքը Հայաստանի վրա ուղղելով: Նա պնդում է, որ եթե այդ կազմակերպության մեջ խնդիր կա, ապա դա Հայաստանն է ստեղծում», – նկատեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Բելառուսի և Ղազախստանի նախագահներից պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահի և այդ երկրում Ադրբեջանի դեսպանի հանդիպման մասով:

Նիկոլ Փաշինյանի այդ հայատարարությանն արձագանքել էր Բելառուսի ԱԳՆ խոսնակը՝ հայտարարելով, թե Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարն իրեն, կարծես, դրել է միջազգային դատախազի տեղ, որը կարող է պատժել ու ներել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ