Հաստատվել են նույնականացման քարտի նոր արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները

Ամենադիտվածներ

Հաստատվել են նույնականացման քարտի նոր արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները

Նոյեմբերի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չեխիայի Հանրապետության Օստրավա քաղաքում գտնվող ֆրանսիական IN Group ընկերության արտադրամաս։ Այցի ընթացքում հաստատվել են նույնականացման քարտի նոր արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները։ Քննարկվել են նաև անձնագրի տվյալների էջի կառուցվածքին և դիզայնին վերաբերող մի շարք տեխնիկական հարցեր։

Նախարարին ներկայացվել են սահմանների կառավարման էլեկտրոնային համակարգերի մոդեռնիզացիոն ուղղությունները և տեխնիկական լուծումները։ Անդրադարձ է կատարվել նաև բիոմետրիկ համակարգի ներդրման ընթացիկ իրավիճակին, զարգացման գործընթացին և սպասվող նորարարություններին։ Արփինե Սարգսյանը ծանոթացել է ինչպես նույնականացման քարտերի, այնպես էլ անձնագրերի տպագրության գործընթացին՝ ընդգծելով, որ առաջնահերթություն է կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ոլորտում ժամանակակից, անվտանգ և քաղաքացիների համար նոր որակի ծառայությունների մատուցումը։

Ներքին գործերի նախարարությունը մասնավոր գործընկերոջ հետ համատեղ նախատեսում է 2026 թվականի երկրորդ կիսամյակում սկսել կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը։ Նախարարն ընդգծել է, որ համագործակցությունը մասնավոր գործընկերոջ հետ կարևոր է ինքնության կառավարման ենթակառուցվածքում նորարարական լուծումների ներդրման և փաստաթղթային անվտանգության ապահովման հարցում։ Այս քայլերը, ըստ նախարարի, էական դեր կունենան ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ