Այս պահին Հատիսի գագաթին որևէ շինարարություն տեղի չի ունենում, տեխնիկան իջեցված է։ Բայց դեռ երեկ աշխատում էին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ակտիվ քաղաքացի Աշոտ Խաչատրյանը։
«Բացի հիմնական ճանապարհի էլ ավելի լայնեցումը ևս մեկ փոքր ճանապարհ է բացվել, իսկ այս լուսանկարում ջրագծի համար արված նոր փոսն է։
Բրոնզերկաթեդարյա ամրոցի մնացորդները էլ ավելի են վնասվել»,- գրել է նա։
Ժողովրդավարական հարթակ հիմնադրամի տնօորեն Գարեգին Միշկարյանը նույնպես եղել է Հատիսի գագաթին։ Նա տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից և գրել է.
«Անցած շաբաթ Հատիսի գագաթին չկային էս հորատանցքերը, սրանք նոր են փորել։ Չորս հատ 10-15 մետր խորությամբ փոսեր են։
Մեկի համար սա շինարարական աշխատանք չի, որովհետև իրենց հավի ուղեղով, շինարարական աշխատանքը բետոնային աշխատանքներն են, մյուսի համար սա պատմական հուշարձանի բռնաբարություն է։
Պարզ է՞, չէ, որ մարդիկ վստահ են, որ մարսելու են էս ամբողջ, չեն պատժվելու, ավելին` խրախուսվելու են։ Իրենք վստահ են դրանում, բայց ես վստահ եմ ուրիշ բանում` էս գործով բոլոր մեղավորները բանտ են նստելու, ու ինչքան շատ քանդեք, էդքան խորն եք նստելու»։