fbpx
Հասարակություն

Հաղթանակներն այսօր ամուր են պահում մեր քաջ որդիները. Բակո Սահակյանի ուղերձը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի կրատվական ծառայությունից։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,

Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի առթիվ, պանծալի Եռատոն, որը միավորում է մեր ժողովրդի բոլոր սերունդներին, միավորում է համայն հայությանը աշխարհի տարբեր երկրներում:

Մայիսի 9-ին մենք անսահման հպարտության ու երախտագիտության զգացումով տոնում ենք Մեծ Հայրենականում մեր պապերի և հայրերի տարած փառավոր հաղթանակը: Պատմության մեջ վառ են նրանց անօրինակ սխրանքն ու խիզախությունը, անձնազոհ նվիրվածությունը հայրենիքին ու հարազատ ժողովրդին, ինչն էլ նրանցից ժառանգել է մեր սերունդը և սերտել՝ որպես հայրենասիրության լավագույն դաս:

Աչքի առաջ ունենալով նրանց հերոսական օրինակը՝ մենք, առանց վարանելու, 1992-ին Մայր Հայաստանի և սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին զենք վերցրինք և մեկ մարդու պես կանգնեցինք հայրենիքի պաշտպանության դիրքերում, մեզ պարտադրված պատերազմի պայմաններում ստեղծեցինք պաշտպանության բանակ, ազատագրեցինք հայոց բերդաքաղաք Շուշին: Դա հայ ժողովրդի միասնական ուժի, ազատատենչ ոգու և անկոտրում կամքի հաղթանակն էր:

Այդ հաղթանակներն այսօր ամուր են պահում մեր քաջ որդիները՝ պատվով շարունակելով իրենց հերոս նախնիների սուրբ գործը:

Թանկագի՛ն բարեկամներ,

Մայիսյան այս տոնական օրը լի է ինչպես անհուն ցնծությամբ ու բերկրանքով, այնպես էլ խոր ցավով ու կսկիծով: Մենք հիշում և փառաբանում ենք հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին: Թող նրանք անմահանան հայրենիքում ծնվող ամեն մի մանկան, ամեն մի շենացող բնակավայրի, ամեն մի օջախում վառվող կրակի հետ:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին այս հերոսական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, բարեկեցություն ու նոր հաղթանակներ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ