Փետրվարի 9-ից 16-ը Սարաևոյում կկայանա ձմեռային օլիմպիական փառատոնը, որին 5 մարզիկով կմասնակցի նաև Հայաստանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մրցավայր մեկնելուց առաջ հայաստանյան պատվիրակության անդամները ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից ստացել են անհրաժեշտ մարզագույք և հանդերձանք:
Հայաստանի պատվիրակությունը կկրի իտալական «Ջիվովա» ֆիրմայի մարզահագուստ:
Մարզագույքը ձեռք է բերվել ֆրանսիական «Ռոսսինիո» ֆիրմայից:
Հայաստանի պատվիրակության դրոշակակակիրն է դահուկավազորդուհի Աննա Ռաշոյանը: Մեր օլիմպիականները մրցավայր կմեկնեն փետրվարի 9-ի լուսադեմին:
Հայաստանի պատվիրակությունը Բոսնիա Հերցեգովինայի Սարաևո քաղաքում, մինչ Եվրոպայի պատանեկան օլիմպիական ձմեռային հերթական փառատոնի մրցումների մեկնարկը, տեղում երկօրյա մարզումներ կանցկացնի:
Մարզավիճակը պահպանելուց բացի, նպատակը տեղանքին, մրցավայրերին, դահուկուղիներին ծանոթանալը և ուսումնասիրելն է:
Մեր ներկայացուցիչներից առաջինը ասպարեզ կելնեն դահուկավազորդները: փետրվարի 11-ին ելույթ կունենան տղաները 10 կմ, իսկ աղջիկները 7 կմ մրցատարածությունում:
Հաջորդ օրը տղաները հանդես կգան 7,5 կմ,աղջիկները ` 5 կմ դահուկուղիներում:
Արագավազքի (սպրինտ) մրցումները տեղի կունենան փետրվարի 14-ին:
Լեռնադահուկորդները ասպարեզ կելնեն փետրվարի 12-ին (հսկա ոլորավայրէջք) և փետրվարի 14-ին (ոլորավայրէջք` սլալոմ): Գեղասահորդների մրցումները նշանակված են փետրվարի 13-ին և 14-ին:
Հաղորդում է armsport.am-ը։