fbpx
Քաղաքականություն

Հայ-վրացական հարաբերությունների ընդլայնման վրա մեծ դերակատարում ունի օրենքի գերակայությունը. Նիկոլ Փաշինյան

Մարտի 3-ին Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կան գործոններ, որոնք անքակտելի են դարձնում հայ-վրացական հարաբերությունները։

Ստորև ներկայացնում ենք վարչապետի խոսքը.

«Մեծարգո պարոն վարչապետ,
Զանգվածային լրատվության միջոցների հարգարժան ներկայացուցիչներ,
Տիկնայք և պարոնայք,

Նախ ուզում եմ անձամբ իմ և հայկական պատվիրակության բոլոր անդամների անունից շնորհակալություն հայտնել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային Վրաստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար։ Ավելի քան ուրախ եմ մեր բարեկամների հետ հանդիպելու այս հնարավորության համար:

Ես բազմաթիվ առիթներով հայտարարել եմ, որ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը մեր երկրի արտաքին քաղաքականության ամենակարևոր առաջնայնությունների շարքում է: Ես առավել քան համոզված եմ, որ դրա համար գոյություն ունեն բոլոր նախադրյալները:

Կասկածից վեր է, որ դարերի խորքից եկող բարեկամությունը, որը խարսխված է ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա, ամուր հենք և պարարտ հող է ստեղծում մեր համագործակցության համար:

Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ այսօր երևան են եկել նոր գործոններ, որոնք անքակտելի են դարձնում մեր բարեկամությունը և է՛լ ավելի ամրապնդում համագործակցության ձգտումը: Դա նախ և առաջ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ապագա կառուցելու մեր երկու ժողովուրդների ընդհանուր տեսլականն է, որն այլևս անշրջելի է մեզանում և ձեռք է բերել հավատամքի ուժ:

Հիրավի, ժողովրդավարության հաղթանակն ու օրենքի գերակայության հաստատումը նոր հորիզոններ է բացել մեր երկու երկրների միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու համար:

Այսօր իմ և պարոն Գախարիայի միջև տեղի ունեցած բանակցությունները հնարավորություն տվեցին շարունակել անցած տարվա հոկտեմբերին Երևանում սկսված մեր քննարկումները։

Ուրախությամբ ընդգծեցինք, որ երկարատև դադարից հետո, անցած տարվա հունիսին Երևանում իր նիստն անցկացրեց հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովը:

Անդրադարձանք տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում հեռանկարային նախագծերի հետևողական իրագործման անհրաժեշտությանը։ Նշվեց երկու երկրների տրանզիտային ներուժի զարգացման կարևորությունը: Խոսքը ոչ միայն ցամաքային ճանապարհների, այլև էլեկտրաէներգետիկ և հեռահաղորդակցային (ինտերնետ/ մալուխային) կապի մասին է:

Մենք հանդես եկանք համագործակցության մի շարք առաջարկություններով, որոնք վերաբերում են բարձր տեխնոլոգիաներին, կրթությանն ու գիտությանը: Կարևորվեց երիտասարդների միջև կապի ամրապնդումը: Մեր կողմից առաջարկվեց քայլեր ձեռնարկել նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև կապն ամրապնդելու ուղղությամբ:

Իմ վրացի գործընկերոջ հետ անդրադարձանք նաև տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։ Աներկբա է, որ հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է։

Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ դրանց կարգավորման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են, որոնց այլընտրանք չկա։

Վստահ եմ նաև, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները։ Այս առումով խիստ կարևորում եմ միմյանց համար զգայուն հարցերի շուրջ հավասարակշիռ դիրքորոշման պահպանումը։

Հայ-վրացական ավանդական եղբայրական հարաբերությունների համատեքստում ցանկանում եմ ընդգծել վիրահայերի ունեցած նշանակալի ավանդը: Երախտապարտ ենք վիրահայության ազգային ինքնության, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման ուղղությամբ Վրաստանի իշխանությունների հետևողական քայլերի համար:

Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ վերստին ընդգծել բարձր մակարդակով պարբերական շփումների կարևորությունը և կրկին շնորհակալություն հայտնել Վրաստանի վարչապետին՝ հայկական պատվիրակության ընդունելությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար»։

Վարչապետը նշել է, որ այսօր Վրաստանում նշվում է մայրերի տոնը և շնորհավորել բոլոր վրաց մայրերին տոնական օրվա կապակցությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ