Հունիսի 8-ին ՀՀ Ազգային Ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվության քննարկմանն ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտնել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գրանցված նոր ընկերությունների թիվը 2019-ին 25 տոկոսով աճել է և հասել է 1250-ի:
Նախարարը նշել է, որ 2019 թվականին այս ոլորտում 30 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, իսկ ընդհանուր շրջանառությունը մոտ 320 միլիոն դրամ է կազմել:
«Ընդհանուր առմամբ, դա ՀՆԱ-ի 2.4 տոկոսն է: Իհարկե, սա լավ ցուցանիշ է, սակայն, մեր գնահատմամբ, Հայաստանի ներուժն ավելի մեծ է»,- հավելել է Հակոբ Արշակյանը։
Նախարարը ընդգծել է՝ 2018-2019 թվականներին բարձր տեխնոլոգիաների ոլորտում աճի տեմպը ՀՆԱ-ի նկատմամբ 0.4 տոկոս է կազմել, այսինքն, ցուցանիշն աճել է 2 տոկոսից մինչև 2.4 տոկոս:

