ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանը ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչը կարող է նրան բերել Հայաստան:
«Ես վերադառնալու եմ Գերմանիա, որովհետև ունեմ աշխատանքային պայմանագրեր ու պարտավոր եմ պատշաճ կատարել իմ աշխատանքային պարտավորությունները: Բայց բոլոր այն դեպքերում, երբ կտեսնեմ՝ կկարողանամ իմ մասնագիտական գիտելիքներով ու փորձառություններով օգտակար լինել իմ երկրին, կվերադառնամ»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ սա իր վերադարձի երկրորդ փորձն է:
Գրիգորյանը, արձագանքելով ՍԴ դատավորի թեկնածուի խոսքին, իբրև ավագ ընկեր` խորհուրդ տվեց Հայաստան վերադառնալը զոհաբերություն չհամարել: Ինչին դատավորի թեկնածուն արձագանքեց.
«Ցավում եմ, երևի ձևակերպումն իրոք այնքան էլ ճիշտ չէր կամ ճիշտ չի հասկացվել: Երկար տարիներով աշխատելով մի երկրում՝ մարդ ստեղծում է մի կյանք՝ շրջապատով ու ընկերներով, հեշտ չէ՝ վերցնել ու եզրափակել կյանքը ու փորձել զրոյից նոր կյանք սկսել, այս փուլում դա այնքան էլ հեշտ չէ, բայց ես պատրաստ եմ դրան»: