fbpx
Քաղաքականություն

Հայաստանին սպառնում է ներքին և արտաքին վտանգ. Հրանտ Տեր-Աբրահամյան

Հրանտ Տեր-Աբրահամյանը գրել է.

Այն որ Հայաստանին իրոք մեծ վտանգ է սպառնում այսօր էլ, դա իրոք այդպես է:

Բայց երբ ասում ես, վտանգ է սպառնում, և միաժամակ՝
1. Չես բացահայտում այդ վտանգի էությունը՝ ի՞նչ վտանգ է սպառնում և որտեղից
2. Չես առաջարկում լուծումը՝ ինչպե՞ս խուսափել վտանգից կամ գոնե մեղմել այն (ֆորմալ լուծում չէ, այլ բովանդակային, ծրագրային), ապա դա ոչ միայն նույնն է, թե ոչինչ չասել, այլև վատթարն է տարբերակներից՝ առանց այդ էլ տագնապած հասարակության մեջ անորոշ տագնապներ ավելացնել, և սա դեռ մեղմն եմ ասում:

Իրականում՝ առանց վտանգի էությունն ու լուծումը նշելու, վտանգից խոսելը՝ մանիպուլյատիվ է:
Եվ սա այն դեպքում, որ այսօր չկա ավելի կարևոր բան, քան բաց խոսելը հանրության հետ, բացատրելը, ուղիներ և հեռանկարներ ցույց տալը:

Ո՞րն է այսօր Հայաստանին սպառնացող վտանգը:

Ես կառանձնացնեի երկու առավել կարևոր՝ արտաքին և ներքին վտանգներ: Բայց այս պահին կխոսեմ միայն արտաքինից, որ թեմաները չխառնեմ ու հնարավորինս համառոտ գրեմ:

Արտաքին վտանգի էությունն այն է, որ 2016-ից մեր շուրջ ապակայունացող արտաքին իրավիճակը չի ավարտվել, չի լուծվել 2020-ի պատերազմով, այլ շարունակվում է: Այսինքն՝ պատերազմն էլ վերջնական հարց չի լուծել, այլ միջանկյալ փուլ էր միայն:

Այս ապակայունացման հիմքն էլ վերացական ինչ որ բան չէ, այլ Ռուսաստանի կոնկրետ քաղաքական պլանն է՝ վերաձևակերպելու իր գերիշխանությունը Հարավային Կովկասում: 2016 և 2020 թթ.-ի պատերազմների նպատակները՝ ռուսական զորքի տեղադրումն էր Արցախում:

Այդ նպատակն իրացվեց՝ հողերը Ադրբեջանին, Արցախը՝ ռուսներին սկզբունքով: Նախկին հայկական տիրույթը բաժանվեց երկուսի միջև:

Քանի որ ադրբեջանական բանակը շատ հուսալի չէր, որպես հավելյալ գործիք ներգրավվեց Թուրքիան, որը ստացավ իր բոնուսները, բայց դրանք կայուն չեն և կարող են արագ վերանալ:

Արցախում զորք պահելն ինքնանպատակ չէ, այլ իր հերթին գործիք՝ հետագա ծավալման համար: Հատկապես կարևոր է այս փուլում Բաքվի վերջնական “գրավումը”: Ադրբեջանը պետք է վճարի “հաղթանակի” դիմաց:

Օպերատիվ մակարդակում կա նաև Սյունիքի հարցը՝ ցանկալի է, որ դա վերահսկվի նույն ուժի կողմից, որը վերահսկում է Արցախը: Սրա մասին մանրամասն գրել եմ հոդվածներիցս մեկում՝ չկրկնեմ նույնը:

Երևանի լիարժեք վերահսկողությունը նույնպես դեռ օրակարգային է, չնայած կարող է համարվել, որ սրան ժամանակավոր լուծում տրվել է կամ կտրվի ընտրություններով ու դրանց շուրջ եղած պրոցեսներով:
Այս ամենը նշանակում է, որ անկայությունը մեր շուրջ դեռ շարունակվում է, հարցերը դեռ լուծված չեն, ազդեցության գոտիները վերջնականապես գծված չեն:

Քանի ռուսական պլանը հեռու է ամբողջականացումից, Թուրքիան փորձելու է իր տեղն ամրացնի: Սրան էլ գումարած՝ ԱՄՆ-Ռուսաստան նոր սրացումը:

Հետևաբար և այս կամ այն ինտեսնիվության ռազմական գործողությունների, բախումների, և ներքին անընդատ անկայունության սպառնալինքները պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ նոր ստատուս քվոն ձևավորված չէ տարածաշրջանում: Իսկ դա կարող է դեռ երկար չձևավորվել կամ ձևավորվել լրիվ այլ ստատուս քվո քան այսօր հնարավոր է թվում:

Սա է Հայաստանին սպառնացող իրական արտաքին վտանգը:
Ո՞րն է ելքը:

Ներքինի մասին խոսակցությունն, ինչպես, ասեցի թողնում եմ առանձին, քանի որ ներքինն այս դեպքում արտաքինից է բխում:

Արտաքին քաղաքական ելքը մեկն է թվում՝ Հայաստանի մանևրը դեպի Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատում: Սա կապրիզ չի, ակադեմիական հարց չէ, այլ ես կասեի նույնիսկ՝ թվաբանության հարց:

Ադրբեջանի “հաղթանակի” ողջ գաղտնիքը Ադրբեջանի բալանսավորումն է ռուսների և թուրքերի միջև: Մի բան, որից Հայաստանը զրված է, և դրա պատճառով էլ ռուս-թուրք-ադրբեջան եռակյունու հարաբերությունների օբյեկտն է: Խաղացող դառնալու միակ շանսն այս քարտեզում Հայաստանի համար՝ Թուրքիայի հետ խոսակցության փորձն է, և դրա միջոցով ռուս-հայկական հարաբերությունների բալանսավորումը:

Եթե ճիշտ ենք հասկանում պատերազմի էությունը, այսինքն այն, որ պատերազմի գլխավոր շահառուն, չափ տվողը և այս փուլում առայժմ հաղթողը Ռուսաստանն է, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը երկրորդական են, ապա բարդ չէ հասկանալ նաև, թե ինչի ոչ թե ընդահնարպես, այլ հենց հիմա անհրաժեշտ է հայ-թուրքական հարաբերությունը:
Մյուս տարբերակը, որը հայկական քաղաքական դաշտի ամբողջության կոնսեսուսն է թվում՝ ռուսների հետ հարաբերությունների էլ ավելի “սերտացում”, աբսուրդ, անարդյունավետ և ապաքաղաքական ելք է, ավելի շուտ ելքի պատրանք: Քաղաքականությունն ուժային հարաբերությունների դաշտ է, և օբյեկտից էլ ավելի օբյեկտ դառնալը չի կարող օգնել օբյեկտին:

Սա իմ դիտանկյունն է:
Միգուցե սխալվում եմ:

Բայց այդ դեպքում էլ ուժի մեջ է մնում սկզբնական պնդումս:

Եթե ասում եք/ենք՝ վտանգ, ապա պետք է այդ վտանգը բացվի, սահմանվի, նկարագրվի, և առաջարկվի ելք:
Եթե չի արվում դա, ապա, վտանգի մասին խոսակցությունները վերածվում են մանիպուլյացիայի, դեմագոգիայի, չափից ավելի զգացմունքային մարդկանց հոգեբանությանն ազդելու միջոց և այլն, բայց ոչ իրական քաղաքական խոսակցություն, որին արժանի է պատերազմում այսքան զոհ տված և իր պետությանը հավատարիմ մնացած հայ ժողովուրդը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ