fbpx
Խորհրդարան

Գերմանիայի երկրամասերից մեկում Հայաստանի օր միջոցառում կանցկացվի

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 14-ին ընդունել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

«Հանդիպմանը մեծապես կարեւորվել են Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը:

Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջեւ արդեն իսկ համագործակցության վերաբերյալ ստորագրված փաստաթղթերին: Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել երկրամասի Հալլե քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանում «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի գոյությունը՝ հայցելով խորհրդարանականների աջակցությունը կենտրոնի գործունեության շարունակականության ապահովման համար: Գերմանացի գործընկերները նշել են, որ կենտրոնին առնչվող հարցերն իրենց ուշադրության կենտրոնում են՝ ներկայացնելով դրա կենսագործունեության ուղղությամբ արդեն իսկ տարված աշխատանքները:

Կողմերն անդրադարձել են 2022 թ. նոյեմբերի 17-ին Լանդթագում նախատեսվող «Հայաստանի օր» միջոցառմանը՝ վստահություն հայտնելով, որ այն կամրացնի հայ-գերմանական համագործակցությունը: Գերմանական կողմի ներկայացուցիչների հավաստմամբ՝ այդ նախագիծն իր բնույթով առաջինն է, եւ Հայաստանն ընտրվել է որպես բարեկամ եւ ժողովրդավարական արժեքներ կրող երկիր: «Մեզ մոտ ընդունված է ասել՝ մենք շուտ ենք արթնանում: Սա նշանակում է, որ օպերատիվ ենք եւ կարողանում ենք արագ արձագանքել բոլոր հարցերին»,-նշել է Գուննար Շելլենբերգերը՝ անդրադառնալով հեռանկարային համագործակցության հետագա ծրագրերին:

Կողմերը քննարկել են տարածաշրջանում տեւական խաղաղությանն ու անվտանգությանն առնչվող, 44-օրյա պատերազմին հաջորդող մարդասիրական խնդիրներին վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ