fbpx
Մշակույթ

Հայաստանի պետական կամերային երգչախումբը Մանսուրյանին նվիրված համերգով հանդես է եկել Արցախում

«Երևանի օրերը Արցախում» ծրագրի շրջանակում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը: Այն կրում էր «Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագիրը:

Երգչախումբը հանդես է եկել գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Համերգը նվիրված էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին, և երեկոյին ներկայացվում էին մեր օրերի դասականի ստեղծագործությունները: Ի դեպ, Մանսուրյանը ևս ներկա էր համերգին:

Միջոցառմանն Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը կոմպոզիտորին է հանձնել պատվոգիր և խորհրդանշական նվեր:«Ինձ համար մեծ հպարտություն է կրկին լինել Արցախում: Արցախում մենք շատ ենք եղել՝ երգել Գանձասարում, Ամարասում, ինչպես նաև մասնակցել տարբեր փառատոների:

Առաջիկայում նախատեսում ենք մի քանի ծրագրեր կյանքի կոչել Արցախում: Պետք է խոստովանեմ, որ այստեղի հանդիսատեսը լուրջ է, գրագետ և սրտաբուխ»,-լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը:
Համերգն անցել է մեծ հաջողությամբ՝ ունկնդրի ջերմ արձագանքի ներքո: Ներկա են եղել պետական այրեր, պատգամավորներ, արվեստի գործիչներ և այլք:

Համերգը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ