fbpx
Տնտեսություն

2018-ի ընթացքում Հայաստանից գյուղմթերքի արտահանումն աճել է 32 մլն ԱՄՆ դոլարով

Aysor.am-ը գրում է.

2018-ի ընթացքում Հայաստանից գյուղմթերքի արտահանումն աճել է 32 մլն ԱՄՆ դոլարով։ Մյուս տարի այս ծավալը պետք է անպայման մեծանա, այսօր Արարատի մարզի Վեդի քաղաքում բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

Նա նկատեց, որ Հայաստանում գյուղատնտեսությունը մեծամասամբ կախված է եղանակային պայմաններից, մինչդեդ 21-րդ դարում տեխնոլոգիական հնարավորությունները թուլ են տալիս ամեն տարի բարձրացնել բերքի ծավալները։

«Ինձ համար շատ ցավալի էր, որ այս տարի լոլիկի բերքը լավ չեղավ, և մեր արտադրողները ստիպված եղան լոլիկը ներկրել Վրաստանից։ Ես հատուկ հանձնարարել եմ, որ ոչ թե պրոբլեմը չոքի մեր դռանը, հետո մենք մտածենք, թե ոնց ենք այդ պրոբլեմը վերացնում, այլ այսօրվանից մենք մյուս տարվա ամբողջ պլանավորումը պետք է անենք», – հայտարարեց Փաշինյանը։

Անդրադառնալով Հայաստանից գյուղմթերք արտահանող ընկերություններին՝ վարչապետի պաշտոնակատարը ողջունեց նրանց աշխատանքը՝ նշելով, որ դրանք «կարևոր նշանակություն ունեն»։

«Այդ ընկերություններից ամենախոշորը «Սպայկա» ընկերությունն է, և ես ուզում եմ ասել, որ նրա գործունեությունը շատ գնահատելի է։ Բայց մենք պետք է այնպես անենք, որ մեր արտահանման ծավալները ամեն տարի մեծանան։ Սա ռազմավարական ուղղություն է։ Ուզում եմ քաջալերանքի խոսքեր ասել այն ընկերությունների հասցեին, ովքեր մթերումներ են իրականացնում գյուղացիներից», – նշեց Փաշինյանը։

Միաժամանակ, իշխող ուժի ներկայացուցիչը նշեց, որ ընկերությունները հավասար դաշտում պետք է գործեն, ու չպետք է ահաբեկվեն հարկային ստուգումներից։ «Այո, պետությանը հարկերը պետք է վճարվեն։ Բայց մենք այս պրոցեսում ոչ մի ընկերության համար բարդություն չենք ստեղծելու։ Օրինակ, երբ խնդիր էր առաջացել ու «Սպայկա» ընկերությունում ստուգումներ իրականացնելու անհրաժեշտություն է եղել, ես ասել եմ հետևյալը՝ գյուղմթերքի արտահանումը 1 կիլոգրամով անգամ, չպետք է տուժի։ Բոլոր մթերողներին մենք քաջալերում ենք», – հայտարարեց Փաշինյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ