fbpx
Աշխարհ

Հայաստանն աշխարհին ցույց տվեց փոփոխությունների հասնելու խաղաղ ուղին. ամերիկացի կոնգրեսական

«Հայաստանն ամբողջ աշխարհին ցույց տվեց երկրում խաղաղ ճանապարհով փոփոխությունների հասնելու ուղին»,- նշեց ԱՄՆ-ի կոնգրեսական Աննա Էշուն Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայազգի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Տեղեկանալով, որ հայազգի ուսանողների հետ իր մոտ հանդիպմանը եկել է նաև եգիպտոսցի ուսանող, կոնգրեսականը հիշատակեց բռնություններով ուղեկցվող «արաբական զարթոնքն» ու այլ երկրներում տեղի ունեցած հեղափոխությունները:

«Համեմատեք դա Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների, այն իրական «թավշյա հեղափոխության» հետ, որը կատարվեց երիտասարդների օգնությամբ»:

Կոնգրեսականը նշեց, որ հայ ժողովուրդը բավարար կամք և իմաստություն ունեցավ 2018-ի գարնանն արյունալի իրադարձություններից խուսափելու համար.

«Ես բոլորովին էլ զարմացած չեմ: Ինձ համար զարմանալի չէ, որ «թավշյա հեղափոխությունը» տեղի ունեցավ: Զարմանալի չէ նաև, որ այն խաղաղ էր, և անշուշտ զարմանալի չէ, որ դրա շարժիչ ուժը երիտասարդներն էին, քանի որ երիտասարդներն ունեն ավելի պարզ տեսլական և ի տարբերություն ավելի տարեցների, կաշկանդված չեն: Պետք է ասեմ, որ ապագայի նկատմամբ երիտասարդների այդ պարզ տեսլականն ինձ համար միշտ ոգեշնչման աղբյուր է հանդիսացել»:

Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի՝ խորհրդային ժամանակաշրջանից ժառանգված կոռուպցիայի հաղթահարում, ժողովրդավարության ամրապնդում և կանանց ու տղամարդկանց իրական հավասարությունը: Այնուամենայնիվ, Աննա Էշուն, ով Հայաստանում էր «թավշյա հեղափոխությունից» մեկ տարի առաջ, կասկած չունի՝ Հայաստանի քաղաքացիներին կհաջողվի ավարտին հասցնել սկսած գործը.

«Հայ ժողովուրդը շատ խելացի է ու հավատացած եմ՝ նրանք այդ փոփոխությունները կիրականացնեն, և կանայք նույնքան տեղ կունենան երկրի կյանքում, որքան տղամարդիկ»:

Երիտասարդներն իրենց հերթին հետաքրքրվեցին՝ ինչպես է Աննա Էշուին հաջողվել քաղաքականության մեջ հաջողության հասնել Միացյալ Նահանգներում՝ լինելով ցեղասպանությունից փրկված հայի և ասորի ներգաղթյալների դուստր: Կոնգրեսականի խոսքորով՝ հաջողության բանալին փոփոխությունների հանդեպ բաց լինելու և խելամիտ ռիսկն ընդունելու մեջ է. «Սեփական փորձից կարող եմ ասել՝ երբեմն այդ նորն ընդունելը շատ դժվար է, սակայն, պետք է ընդունել փոփոխությունները և առաջ շարժվել»:

Փոխանցում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ