Հայաստանում դիվանագիտական աշխատանքի ավարտի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին ընդունել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:
Արժևորելով այն գործընկերային հարաբերությունները, որոնք ձևավորված են երկու երկրների միջև` խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել դրանց խորացման գործում դեսպանի ունեցած դերակատարությունը: Արարատ Միրզոյանի խոսքով` մեր երկրում տեղի ունեցած չափազանց լուրջ փոփոխություններին զուգընթաց` դինամիկ փոփոխություններ ու զարգացում են ունեցել նաև հայ-գերմանական հարաբերությունները` ստանալով նոր մակարդակ:
Շնորհակալություն հայտնելով հրաժեշտի հանդիպման համար` Բերնհարդ Մաթիաս Քիսլերն ընդգծել է, որ գերմանական կողմը միշտ կարևորել է ՀՀ Ազգային ժողովի կարողությունների հզորացումը, երկու երկրների խորհրդարանների միջև կապերի խորացումը, փոխադարձ այցերն ու փորձի փոխանակումը: Նրա խոսքով` Հայաստանում հաստատված նոր իրողությունների պայմաններում լայն հնարավորություն է ստեղծվել երկկողմ փոխգործակցությանը նոր որակ հաղորդելու համար: Ըստ դեսպանի` Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցմամբ պայմանավորված էապես մեծացել է Ազգային ժողովի դերակատարությունը, ուստի գերմանական կողմը պատրաստակամ է շարունակելու և ընդլայնելու օրենսդիր մարմնին սատարման ծրագրերը` տարբեր ձևաչափերով:
«Հայ-գերմանական հարաբերությունները միշտ աչքի են ընկել իրենց ջերմ, բարեկամական բնույթով և ընթացող փոփոխություններից հետո դրանք էլ ավելի խորացման հնարավորություն ունեն»,-ասել է գերմանացի դիվանագետը:
Կողմերն անդրադարձել են մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, որոնք մասնավորապես ընթանում են հանրային կառավարման, արդարադատության, հարկային և այլ ոլորտներում: Երկուստեք ընդգծվել է Ազգային ժողովի դերը բարեփոխումների գործընթացում, խորհրդարանական կառավարման ձևաչափում: Կարևորվել է միջխորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնումը:
Արարատ Միրզոյանն ընդգծել է Բերնհարդ Մաթիաս Քիսլերի ներդրած անձնական ջանքերը` հայ-գերմանական հարաբերություններն ամուր հիմքերի վրա դնելու ուղղությամբ:
Դեսպանն իր հերթին հավաստիացրել է, որ միշտ հետաքրքրված է լինելու հայաստանյան գործընթացներով և իր հետագա գործունեությամբ ևս նպաստելու է հայ-գերմանական հարաբերությունների ամրացմանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից: