Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է տասնյակ երկրների դեսպանների հավատարմագրերը: Նրանց թվում է նաև Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը: Ինչպես տեղեկացնում է «Беларусь сегодня»-ն, Հայաստանի նորանշանակ դեսպանի ընդունելության ժամանակ Լուկաշենկոն անդրադարձել է Հայաստանի ու Բելառուսի երկկողմ հարաբերությունների թեմային:
«Մենք նպատակ ունենք ընդլայնել հայ-բելառուսական հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչը և պատրաստ ենք մասնակցել Հայաստանի մեր եղբայրներին ու բարեկամներին հետաքրքրող ցանկացած նախագծի, այդ թվում` Հայաստանի տարածքում»,- ասել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն նաև նշել է, որ Հայաստանը Բելառուսի համար «եղել և մնում է» հուսալի գործընկեր, որի հետ իրենց կապում է բազմակողմ համագործակցությունը, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակներում: