Այսօր՝ մայիսի 25-ին, Մինսկում Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։
Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ պաշտոնական կայքից:
Նշվում է, որ հանդիպմանը կմասնակցեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
Հանդիպման մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանն առնչվող մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցեր։
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարա-վերահսկիչ մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորման, ռազմատեխնիկական համագործակցության և այլնի հետ կապված փաստաթղթերը։
