fbpx
Կառավարություն

Մատչելի գրականություն կույրերի համար․ Հայաստանը կմիանա Մարաքեշի պայմանագրին

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 16-ի նիստում հավանություն տվեց «Կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագրին միանալու հարցին:

Հարցը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ` Ավագ Ավանեսյանը՝ նշելով, որ այսօրվա դրությամբ միջազգային գրականության միայն երկու տոկոսն է հասանելի կույրերին կամ տեսողության որոշակի խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Նշենք, որ 2013 թվականի հունիսի 27-ին Մարաքեշում Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ ընդունվել է «Կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը:

Պայմանագրի ընդունումը նպատակ ունի ապահովելու կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության այլ դժվարություններ ունեցող անձանց համար ստեղծագործությունների հասանելի ձևաչափով օրինակների մատչելիությունը:

Պայմանագրի հիմքում ընկած են մարդու իրավունքների պաշտպանության հիմնական սկզբունքները և այն ունի ընդգծված սոցիալական ուղղվածություն:

Ամեն տարի աշխարհում հրատարակվում են մեծ քանակությամբ գրքեր, որոնցից միայն 2%-ն է հասանելի զարգացող, ինչպես նաև զարգացած երկրներում ապրող 285 միլիոն կույրերի և տեսողության խաթարումներ ունեցող մարդկանց համար:

Պայմանագրով սահմանվում են մի շարք սահմանափակումներ և բացառություններ, որոնք հնարավորություն են տալիս վերարտադրել, տարածել և մատչելի դարձնել հեղինակային իրավունքով պահպանվող ստեղծագործությունները այն ձևաչափով, որով տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար դրանք հասանելի կլինեն: Այն թույլ է տալիս նաև իրականացնելու արդեն փոփոխված ձևաչափով ստեղծագործությունների միջսահմանային փոխանակումն այն իրավասու մարմինների միջև, որոնք ծառայություններ են մատուցում շահառուներին:

Պայմանագրում հստակ սահմանվում է, թե ովքեր են շահառուները, և ինչպիսի ստեղծագործությունների վրա են տարածվում սույն Պայմանագրի դրույթները: Սահմանվում են նաև այն լիազոր մարմինները, որոնք ծառայություններ են մատուցում շահառուներին: Պայմանագրի համաձայն Պայմանավորվող կողմերն իրավասու են որոշակի հանգամանքներում՝ առանց իրավատիրոջ համաձայնության, հասանելի ձևաչափով օրինակները ներմուծել, ինչպես նաև արտահանել:

Պայմանագրով նախատեսվում է հիմնադրել «տեղեկատվության հասանելիության կենտրոն», որը հնարավորություն կընձեռի փոխանակելու համապատասխան տեղեկատվություն հեշտացնելու լիազոր մարմինների նույնականացումը:

Մարաքեշի պայմանագրով հնարավորություն է տրվում`

1. շահառուներին օգտվելու ստեղծագործություններից հասարակության մյուս անդամների հետ հավասարապես,

2. շահառուներին ապահովելու հասանելի ձևաչափով կրթական նյութերի մատչելիությունը,

3. շահառուների մասնակցությունն ու ներգրավվածությունը մշակութային և սոցիալական կյանքին:

Փոխնախարարը նշեց, որ եթե Հայաստանը միանում է այս պայմանագրին, ապա եթե որևէ շահույթ չհետապնդող կազմակերպություն ցանկանում է կույրերի համար գիրք հրատարակել, ապա նա պարտավոր չի լինի որեւէ վճար իրականացնել սեփականատիրոջը կամ հեղինակին:

«Այս պայմանագիրը թույլ է տալիս առանց հեղինակի սեփականության իրավունքի թույլտվության, համապատասխան գործողությունն իրականացնել. «Համաձայնագրի դրույթները տարածվում են նաեւ գրադարանների վրա»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ