fbpx
Մշակույթ

Հայկ Բաբայանը խոսել է «ՀայՖիլմ»-ի լոգոյի մասին

hayfilm

«Հայֆիլմ»-ի վերածնունդ նախաձեռնության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայանն երեկ հայտարարությամբ է հանդես եկել՝ հրավիրելով կինոսերների և պաշտոնյաների ուշադրությունը:

«Գուցե սա ամենակարևոր խնդիրներից չէ, բայց կարևոր է այնքանով, որ անհրաժեշտ եմ համարում արդեն հայտարարել։ Այն, ինչ կասեմ, իսկական հին կինոշնիկների սրտից եմ խոսելու։ Հայտարարությունս թող կարդան բոլոր կինոսերները, պաշտոնյաները և հատկապես լրագրողները:

«Հայֆիլմ»-ի այն լոգոն, որով մինչ օրս ցուցադրում են հայկական ֆիլմերը, կամ հրապարակումների ժամանակ տեղադրում են հենց այդ նկարը, մեկ ուրիշ դեպքում՝ «Հայֆիլմ»-ի մասին ռեպորտաժները, ֆիլմերը կամ մուտֆիլմերը, որոնք սկսվում են անիմացիոն հայտնի տեսանյութով, բացարձակապես կապ չունեն այն «Հայֆիլմ»-ի հետ, որի համար մենք արդեն 2 տարի պայքարում ենք։ Իսկական լոգոն առաջին հայացքից հնարավոր է տարբերակել։ Իսկ այն լոգոն, որը մեր տեսադաշտում է եղել արդեն 13 տարի, արթնացնում է կինոյի մարդկանց զայրույթը: Այն կապվում է միայն «Հայֆիլմ»-ի թալանի, քանդելու, անորակ թվայնացված ֆիլմերի և անտեր վերաբերմունքի հետ, որ ունեցել են սեփականատերերը տարիներ շարունակ։ Կրկնում եմ՝ այսօրվանից մոռանում ենք այդ տխրահռչակ լոգոն, որը 2005 թվականին անհասկանալիորեն սեփականշնորհվեց՝ վերակառուցելու խոստումով և պարտավորություններով, բայց թալանվեց, քանդվեց և եղածն էլ, դեռևս չպարզված հանգամանքներում, կամ անհետացավ, կամ ոչնչացավ։

Իսկական լոգոն այն հին լոգոն է, որը մի քանի սերնդի համար մեծ հիշողություններ ու սեր է արթնացնում դեպի իսկական հայկական կինեմատոգրաֆը։

«Հայֆիլմ»-ի վերածնունդ նախաձեռնության ծրագրերի 17-րդ կետը վերաբերում է հենց լոգոյին։ Նախաձեռնությունը դեմ է ցանկացած մեծ փոփոխության, ընդամենը կարելի է գույները թարմացնել, մեկ-երկու շտկում անել ու թողնել ամեն ինչ այնպես, ինչպես, որ կա։
«Հայֆիլմ»-ի վերածնունդ նախաձեռնությունն իր ծրագրերով, որոնց անունը մենք դրել ենք «Առաջին քայլեր», կարող եք համարել պատրաստ։ «Հայֆիլմ»-ը ազգային արժեք է»,-գրել է Հայկ Բաբայան:

Աղբյուր՝  aysor.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ