ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության գրասենյակի կողմից համատեղ հիմնված Հափշտակված գույքի վերադարձման նախաձեռնության փորձագետների հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, ՀՀ-ից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձման նպատակով նոր իրավական մեխանիզմների ներդրման վերաբերյալ մի շարք հարցեր:
Քննարկման ընթացքում կողմերը մեծապես կարևորել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հարցը:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ներկայացրել է Կոմիտեի վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:
«Հեղափոխությունից հետո Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերից 1400-ը եղել են կոռուպցիոն բնույթի, որոնցից 720-ով անձինք ենթարկվել են պատասխանատվության: Պատասխանատվության ենթարկված անձանցից 600-ը եղել են պաշտոնատար անձինք»,- ընդգծեց ՔԿ նախագահը:
Հանդիպման ընթացքում Հայկ Գրիգորյանը ներկայացրել է այն խնդիրները, որոնք ծագում են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքում և առաջարկել դրանց լուծման ուղիները:
ՀԲ-ի և ՄԱԿ փորձագետներն իրենց խոսքում բարձր են գնահատել Քննչական կոմիտեի ջանքերը՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում: Համագործակցությունը առավել խորացնելու և համատեղ աշխատանքներ կատարելու նպատակով կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություններ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։