Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել է երկրորդ տեղը. Աէրոֆլոտ Օփեն

Ամենադիտվածներ

Մոսկվայում ավարտվեց Աէրոֆլոտ Օփեն միջազգային մրցաշարը, որն աշխարհում անցկացվող ուժեղագույն բաց մրցաշարերից մեկն է:

Մրցաշարում հիանալի հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանը դարձավ միակ երկիրը, որի ներկայացուցիչները երեք՝ A, B և C մրցաշարերում կանգնեցին պատվո հարթակին:

Մեր ներկայացուցիչներից հիանալի հանդես եկավ պատանի գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ով մրցաշարում տոնեց 5 հաղթանակ և 4 պարտիա ավարտեց հաշտությամբ:

Արդյունքում Մարտիրոսյանը վաստակեց 7 միավոր:

Սովորաբար նման արդյունքը բավարար է լինում Աէրոֆլոտ Օփեն-ում հաղթող ճանաչվելու համար, սակայն նույնքան միավոր իր ակտիվում գրանցեց նաև մեկնարկային 62-րդ համարի տակ հանդես եկող Էստոնիան ներկայացնող 42-ամյա գրոսմայստեր Կայդո Կուլաոցը, որը Մարտիրոսյանին գերազանցեց լրացուցիչ ցուցանիշներով, դարձավ մրցաշարի հաղթող, ինչպես նաև նվաճեց Դորտմունդի սուպերմրցաշարի մասնակցության իրավունք:

Արամ Հակոբյանը և Տիգրան Պետրոսյանը վաստակեցին 5.5-ական միավոր և գրավեցին համապատասխանաբար 15-րդ և 21-րդ հորիզոնականները: Մանուէլ Պետրոսյանը 5 միավորով 27-րդն էր, իսկ Շանթ Սարգսյանը 4.5 միավորով գրավեց 49-րդ հորիզոնականը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ մեր բոլոր շախմատիստները բարելավեցին իրենց անհատական վարկանիշները, իսկ Շանթ Սարգսյանը 3-րդ անգամ լրացրեց գրոսմայստերի նորմա և մոտակա ամիսներին նրան կշնորհվի այդ կոչումը:

B մրցաշարի հաղթող դարձավ Ստանիսլավ Բոգդանովիչը: Տիգրան Հարությունյանը հաղթողից հետ մնաց 1 միավորով և գրավեց 2-րդ հորիզոնականը: Մրցաշարում հաջող հանդես եկան նաև Էլինա Դանիելյանը, որը վաստակեց 6 միավոր և գրավեց 15-րդ հորիզոնականը:

C մրցաշարում 7.5 միավորով առաջին հորիզոնականը գրավեց Տիմոֆեյ Իլյինը: Արթուր Ղարագյոզյանը 7 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ