Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդ Ալ Զաաբիին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանության հետ համագործակցության շնորհիվ կխորանան Երևանի և ԱՄԷ քաղաքների միջև բարեկամական կապերը:
Այս մասին հայտնում են Երևանի Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Դեսպան Ալ Զաաբին նշել է, որ Հայաստանում գործունեություն է ծավալում ԱՄԷ-ի շուրջ 500 կազմակերպություն, որոնց զգալի մասը՝ Երևանում: Դեսպանը հույս է հայտնել, որ հաշվի առնելով քաղաքի հարմարավետ պայմանները` այդ թիվը կմեծանա: Մասնավորապես, ըստ դեսպանի, համագործակցության լայն դաշտ կա նորարար տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ճարտարապետության, ժամանակակից կառուցապատման, կանաչապատման և այլ ոլորտներում:
Կողմերը նշել են, որ մայիսին կայանալիք ՀՀ-ԱՄԷ միջկառավարական համագործակցության համաժողովում կքննարկվեն նաև Երևանին վերաբերող մի շարք ծրագրեր: