ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է սահմանամերձ բնակավայրերում գործող և արտահանմամբ զբաղվող կազմակերպությունում և անհատ ձեռնարկատիրոջ մոտ, որպես վարձու աշխատող գրանցված անձանց եկամտային հարկը հարկման բազայի նկատմամբ սահմանել 10 տոկոս:
Սարգսյանը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում: Մասնավորապես 2019 թվականի հունիսի 25-ին ամբողջությամբ ընդունված Հարկային օրենսգրքի 68-Ն օրենքի 150-րդ հոդվածն առաջարկում է լրացնել նոր 7-րդ կետով. «Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված, հարկերից ազատված սահմանամերձ բնակավայրերի վարչական սահմաններում գործող և արտահանմամբ զբաղվող կազմակերպությունում, անհատ ձեռնարկատիրոջ մոտ, որպես վարձու աշխատող գրանցված անձանց եկամտային հարկը հարկման բազայի նկատմամբ սահմանել 10 տոկոս»:
ՀՀ կառավարության որոշմամբ, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը ազատված է հարկերից: Համաձայն ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման՝ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող ՀՀ մարզերն են՝ Արարատ, Վայոց ձոր, Գեղարքունիք, Տավուշ:
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը կազմելու է 23 տոկոս:
Մինչ այժմ այդ մարզերում ստեղծված ձեռնարկություններում հիմնականում աշխատավարձը կազմում է մինչև 150 հազար դրամ: Այսինքն՝ ըստ պատգամավորի հիմնավորման խոսքը մեծ գումարների մասին չէ, և ֆինանսական բեռը բյուջեի վրա էական չէ:
Աղբյուրը՝ Armtimes.com
