fbpx
Քաղաքականություն

Հայկական պատվիրակությունն աշխատանքային այցով Լատվիայում էր

ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակությունը ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի գլխավորությամբ սեպտեմբերի 9-10-ը աշխատանքային այց է կատարել Լատվիա, որի շրջանակում մասնակցել է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստանդարտների կիրառումը, ազգային խորհրդարանները առանցքային դերը» խորագրով խորհրդարանական համաժողովին: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Տարոն Սիմոնյանը և Նորա Առուստամյանը:

Համաժողովի ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում` ներկայացվել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումների կատարման կարգավիճակը ԵԽԽՎ անդամ երկրներում, մատնանշվել են գործող լավագույն փորձը և խնդիրները, անդրադարձ է եղել նաև ԵԽԽՎ աշխատակազմի համապատասխան վերահսկողության գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների աշխատանքին: Հայկական պատվիրակությունն ակտիվ մասնակցել է պանելային քննարկումներին՝ մասնավորապես անդրադառնալով Մարդու իրավունքների դատարանի որոշումներից բխող դատաիրավական համակարգի թերությունների և խնդիրների շտկմանն ուղղված գործնական քայլերի իրականացմանը:

Աշխատանքային այցի շրջանակում Լենա Նազարյանը սեպտեմբերի 10-ին Լատվիայի Սաեյմայում հանդիպել է Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակ Ինես Լիբինա-Էգներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Ողջունելով ՀՀ ԱԺ փոխնախագահին Լատվիայի Սաեյմայում՝ Ինես Լիբինա-Է•ները, որը նաև ԵԽԽՎ-ում Լատվիայի պատվիրակության ղեկավարն է, նշել է, որ Լատվիան մեծապես կարևորում է Հայաստանի հետ խորհրդարանական կապերի ակտվիացումն ու խորացումը: Նա պատրաստակամություն է հայտնել խորհրդարանական ձևաչափով աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին:

Լենա Նազարյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով Լատվիայի Սաեյմայում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը առաջիններից մեկը վավերացնելու համար՝ ընդգծել է, որ Հայաստան-Լատվիա խորհրդարանական կապերը և երկխոսությունը գտվնում են բարձր մակարդակի վրա:

Նույն օրը տեղի է ունեցել նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանի հանդիպումը Լատվիայի խորհրդարանի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար, Սաեյմայի փոխքարտուղար Մարիա Գոլուբևայի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին և փոխադարձ այցելություններին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ