Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Բերդ քաղաքի բնակիչներից մեկը ապօրինի հրազեն է պահում։
Ապրիլի 9-ին Տավուշի ոստիկաններն ու նախաքննական մարմնի ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկեցին 37-ամյա տղամարդու բնակարանը։ Հայտնաբերվեցին «Կալաշնիկովի» նմանվող ինքնաձիգ, «Մակարովի» նմանվող ատրճանակ, տարբեր զենքերի ու տրամաչափերի 10-ից ավելի փամփուշտ, 10-ից ավելի հրապատիճ և այլն։ Հայտնաբերվածն առգրավվել է։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: