Ապրիլի սկզբից աշխարհի 33 երկրում երեխաների շրջանում հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի 650 հնարավոր դեպք: Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ հավելելով, որ գլոբալ մակարդակով ռիսկը գնահատում է չափավոր:
Այդ ծանր, սուր հեպատիտի պատճառը մնում է անհայտ, գտնվում է հետազոտման փուլում:
ԱՀԿ տվյալներով՝ առնվազն 38 հիվանդի համար պահանջվել է փոխպատվաստում, 9 երեխա մահացել է:
Եվրոպական տարածաշրջանին բաժին է ընկնում դեպքերից 374-ը, 34 %-ը գրանցվել է Մեծ Բրիտանիայում:
Ինչպես նշել են կազմակերպությունում, դեպքերի ¾-ը (75,4%) բաժին է ընկնում մինչև 5 տարեկաններին:
Հաղորդվում է նաև, որ 63 դեպքերից, որտեղ ներկայացված են եղել կորոնավիրուսի դեմ պատվաստման տվյալներ, 53-ում (84,1%) երեխաները պատվաստված չեն եղել: