ԱՄՆ հետախուզությունը տեղեկատվություն է ստացել նախկին թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի որդու՝ Համզա բեն Լադենի մահվան մասին։ Այս մասին հաղորդում է NBC-ն:
Դեռ հայտնի չէ՝ ամերիկյան իշխանությունները կարո՞ղ են հաստատել նրա մահը: Պաշտոնյաները չեն հաղորդել, թե որտեղ և երբ է մահացել Բեն Լադենի որդին, կամ արդյոք ԱՄՆ հատուկ ծառայությունները որևէ առնչություն ունեն դրա հետ: Սպիտակ տունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:
«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը հրապարակել է 2018-ին Համզա բեն Լադենի վերջին հրապարակային հայտարարությունը: Նա սպառնացել է Սաուդյան Արաբիային և երկրի բնակիչներին ապստամբության կոչ է արել:
Փետրվարին Միացյալ Նահանգները մինչև մեկ միլիոն դոլար պարգև է նշանակել տեղեկության համար, որը թույլ կտա պարզել Բեն Լադենի որդու գտնվելու վայրը:
Համզա բեն Լադենը ծնվել է, ենթադրաբար, 1989 թ.-ին: 2018-ի ամռանը հաղորդվել է, որ նա ամուսնացել է ԱՄՆ-ում 2001 թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության իրականացնողի դստեր հետ: Ամերիկյան հետախուզությունը ենթադրում էր, որ հոր մահվանից հետո Համզան պատրաստվում էր Ալ-Քաիդայում ղեկավար դեր ստանձնել:
«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենը ոչնչացվել է 2011 թ.-ի մայիսի 2-ի գիշերը, ամերիկյան հատուկ նշանակության ուժերի գործողության արդյունքում, Պակիստանի Աբոթաբադեում գտնվող վիլլայում: Նրա մարմինը թաղվել է ծովում: